2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված եւ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Բոլոր քրեական գործերը դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվել են նախաքննության փուլում, դրանցով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները լիարժեք պարզելու, հանցավոր արարքներում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու, ապօրինի ձեռք բերված, փոխադրված եւ իրացված այլ զենք-զինամթերքի առկայությունն ստուգելու նպատակով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ 52 դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվել է:
Նյութերի ուսումնասիրությունից հետեւում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից եւ նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում թշնամու դեմ կիրառելու համար: Թաքցվելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում՝ զենք-զինամթերքը (հիմնականում հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ սարք հանդիսացող նռնակներ, սառը զենք հանդիսացող սվին-դանակներ) ապօրինի կերպով տեղափոխվել կամ փորձ է արվել տեղափոխել Հայաստան` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ եւ գործակցությամբ: Այդ զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել են հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաեւ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
2020թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ քննվող նշված քրեական գործերով 12 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը (1-ի նկատմամբ կալանավորումը հետագայում վերացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից), 3-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀՀ դատախազությունը, դիմելով այն քաղաքացիներին, որոնք կարող են ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած լինել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր՝ կոչ է անում դրանք ինքնակամ հանձնել ՀՀ ոստիկանություն, ինչը համապատասխան հիմքերի դեպքում, հանգեցնում է քրեական պատասխանատվությունից ազատվելուն: Քաղաքացիական նման պատասխանատու կեցվածքն էականորեն կնվազեցնի հանրապետությունում հանցածին ռիսկերը, կկանխի կամ կնվազեցնի հրազենի կիրառմամբ հնարավոր հանցագործությունների կատարումը:
Հակառակին միտված վարքագիծն արժանանալու է կոշտ իրավական գնահատականի եւ հանգեցնելու է ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխող, պահող կամ իրացնող անձանց քրեական խիստ պատասխանատվության:
Հիշեցնենք, որ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաեւ հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ անհապաղ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հարցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի վաղ գրություններ էր հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ ՀՀ ոստիկանության պետին։