Կարմիր Խաչը դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներ իրականացնել
ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը գրում է. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 9-ից սկսել է Կովսականի (Զանգելան) հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է գնալ Կապան, և եթե թույլատրեն, ինքը ևս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին:
«Հիմա բանակցություններ են վարվում, որպեսզի յուրաքանչյուր հատվածում իրականացվեն այդ որոնողական աշխատանքները»,- ասաց Աբգարյանը:
Հարցին, թե ինչու այսքան երկար չէր իրականացվում որոնողական աշխատանքն այդ հատվածում, Աբգարյանը պատասխանեց, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության չէին կարող որևէ բան անել:
Անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը հավաքվածների խմբի հետ անցկացրել է փակ հանդիպում Էջմիածնի զորամասում:
Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում:
Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Կովսականի (Զանգելան) հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն: