Lragir.am-ը գրում է. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը չհայտարարված ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որում ներգրավված էին Սիրիայից վարձկան կռվողներ և Թուրքիայից ռազմական մասնագետներ, աստիճանաբար լայնամասշտաբ բնույթ կրեց։ Կրակը դադարեցվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության հիմքով։ Շուրջ 44 օր տևած պատերազմի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ոմանք անհետ կորան, շատերն էլ՝ այդ թվում նաեւ քաղաքացիական անձինք գերեվարվեցին։
Գերիների ճակատագիրը հաճախ ցավոտ ավարտ է ունենում, նրանց այցելող միջազգային կառույցները չունեն այն մանդատը, որ ամբողջությամբ հանրայնացնեն գերիների հանդեպ կիրառված խոշտանգումները և պատժիչ մեխանիզմ հանդիսանան տվյալ երկրի համար։
Ոմանք մահանում են, ոմանց առողջությունն անդառնալի հետևանքներ է թողնում։ Իր պետությունից կտրված ու հակառակորդի թակարդում հայտնված՝ գերեվարված քաղաքացիները, ռազմագերիները երբեմն այլ ելք չեն ունենում, քան ընդունել այն մեղադրանքները, որոնք պարտադրում է տվյալ երկիրը։ Եվ այդ ենթադրյալ մեղադրանքներն ու իրենց սեփական երկիրը պարսավելը շատ հաճախ տեսագրվում ու տարածվում են լրատվամիջոցներով, որպես տվյալ երկրի հանդեպ հակաքարոզչություն՝ ստորացնելով այդ անձանց արժանապատվությունը։
Ադրբեջանը նախքան պատերազմը, նույնիսկ խաղաղ պայմաններում է գերեվարել հայ-ադրբեջանական սահմանին մոլորությամբ հայտնված հայ գյուղացիներին և փորձել նրանց ներկայացնել որպես դիվերսանտ։
Հաղարծին համայնքի բնակիչ Արթուր Բադալյանը 2009-2011թթ․ եղել է Ադրբեջանում, գերության մեջ։ Արթուրի մայրը՝ Սուսաննան, մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ երկու տարիների ընթացքում Արթուրը ապրել է նկուղում, քնել բետոնին տեղադրած տախտակի վրա, կերել չոր հաց, հին սնունդ և միայն վեց ամիսը մեկ սառը ջրով՝ շլանգով լողացրել են նրան։ Սուսաննայի խոսքով ադրբեջանական կողմը իր տղային նաեւ բռնության է ենթարկել, փորձել է ներկայացնել դիվերսանտ, սակայն չի հաջողվել․ «Տղաս ոչինչ չի մոռացել, հիմա էլ հիշում է իր հետ կատարվածը, իսկ երբ գերությունից ազատվեց, եկավ Հայաստան, ինձ, կնոջն ու երեխային չճանաչեց, հոգեբանական խնդիրներ ուներ։ Երեք-չորս ամիս բուժվել է հիվանդանոցում, իր հետ նաև հոգեբույժն էր աշխատում։ Մեկ ամիս անց սկսեց հիշել ինձ ու կնոջը, հիշեց նաև երեխային։»։
42 ամյա Արթուր Բադալյանը շուրջ ինը տարի է ինչ ապրում է իր տանը, կնոջ ու երեխաների հետ, սակայն լիովին չի կազդուրվել, նյարդերը հանգստացնող դեղորայք է ընդունում և բուժումը շարունակելու է նաև կյանքի մնացած տարիներին։ Բժիշկն ընտանիքին ասել է, որ պետք է համակերպվեն իրավիճակին, ընտանիքն էլ Արթուրի սրտով է գնում։ Արթուրին հաշմանդամության երկրորդ կարգ է տրվել, դարձել է անաշխատունակ։
Սուսաննան՝ Արթուրի մայրը, պատմեց, որ նախքան գերության մեջ հայտնվելը տղան շատ հանգիստ բնավորություն ուներ, նյարդային նոպաներ երբևէ չի ունեցել, բայց Աստծուն շնորհակալ է, որ թեկուզ այդ վիճակում, բայց կենդանի հետ է եկել տղան․ «Տղայիս բռնության էին ենթարկել։ Արթուրի ոտքերը սևացած էին երբ եկավ, հիմա էլ դեռ հետքերը չեն անցել։ Երկար ճանապարհ չի կարողանում գնալ, իսկ մինչև գերությունը հաճախ անտառ էր գնում, սունկ հավաքում, վաճառում ու տան ապրուստը հոգում»։
Արթուրը 2009թ. մայիսի 9-ին իր գյուղացի 5 ընկերների հետ հերթական անգամ Ուազով գնացել է անտառ սունկ հավաքելու։ Ադրբեջանի սահմանը 100 մ հեռավորության վրա է այն տեղանքից, որտեղ ապրում է Արթուրը։ Ադրբեջանցիները դիրքերից հեռադիտակով տեսել են Ուազն ու այդ ուղղությամբ եկել։ Արթուրին բռնել են ադրբեջանցի քաղաքացիական հագուստով անձինք, տարել իրենց մոտ, կանչել թարգմանիչ ու ասել, որ իրենց մոտ Բայրամի տոնն է, եւ այդ օրը իրենց բռնած հային պետք է տանեն գերեզմաններում մորթեն։ «Իրենց միլպետն եկավ, որ ինձ տանեն Բայրամի անեն, բայց վաեննի նախարարն եկավ շրջափակեց ու չթողեց, որ Բայրամի անեն»,-ասաց Ադրբեջանում հոգեպես ու ֆիզիկապես բռնության ենթարկված Արթուրը։
Արթուր Բադալյանի հետ զրուցելիս սևեռվեցինք հիմնականում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի վրա, որ իր հանդեպ կատարվածը հնարավորինս քիչ վերապրի։ Արթուրը նշեց, որ մեկ տարի վեց ամիս ԿԽՄԿ ներկայացուցիչներն իրեն չեն այցելել, և ընդհանրապես որևէ միջազգային կառույցից չեն այցելել։ Իսկ այդ ընթացքում ինքը նկուղում տախտակի վրա է գոյատևել, ոտքերն էլ իր հանդեպ գործադրված բռնության հետևանքով կոտրված են եղել. «Ինձ ասում էին սուտ ես խոսում, որ մոլորվել ես, դու ռազվետչիկ ես։ Բանակի վերաբերյալ ինֆորմացիա էին փորձում ստանալ։ Ես էլ ասում էի, որ կապ չունեմ բանակի հետ, անտառում մոլորվել եմ»։
Արթուր Բադալյանի խոսքով ԿԽՄԿ ներկայացուցիչներն իրեն այցելել են մեկ ու կես տարի հետո, երբ ադրբեջանցիները համոզվելով, որ Արթուրը դիվերսանտ չի տեղափոխել են այլ վայր, որտեղ մարդկային կեցության համար գոնե նվազագույն պայմաններ են եղել. «Մեկ տարի վեց ամիս հետո ինձ տարան ուրիշ տեղ, որտեղ գոնե մահճակալ կար։ Երբ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները եկան ես նամակ փոխանցեցի, որ տան ընտանիքիս, իրենցից էլ խնդրեցի հաջորդ այցելության ժամանակ երեխայիս նկարը բերեն։ Մինչեւ ինձ վերադարձնելը իրենք մի քանի անգամ այցելեցին ինձ, ես այդ ժամանակ քայլելուց կաղում էի, ոտքերս դեռ չէին լավացել»։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: