Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմը կտրեց Ադամ և Արամ Այվազյանների կյանքի թելը. hetq.am

Hetq.am-ը գրում է.

Եթե չլիներ պատերազմը, Ադամն ու Արամը դեկտեմբերի 2-ին և 6-ին կնշեին իրենց 24 և 23-ամյակները, բայց եղբայրները կողք-կողքի «ննջում են» հայրենի Գոգարան գյուղի գերեզմանատանը:

Երիտասարդները բանակ զորակոչվելու համար Ռուսաստանից վերադարձել էին Հայաստան։

Չնայած կյանքի գերակշիռ մասը հայրենիքից դուրս էին ապրել, սակայն հեշտությամբ էին հարմարվել զինծառայությանը: Հայրը` Նվեր Այվազյանն ասում է, որ ծառայության դեռ առաջին օրերից որդիները հրամանատարների գովասանքին էին արժանացել:

Այվազյանները Ռուսաստան էին տեղափոխվել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Գոգարան գյուղում իրենց տունը հավասարվել էր գետնին: Մինչ այժմ նրանք բնակարան չեն ստացել: Հարցազրույցի համար գնացել էինք տղաների ավագ հորաքրոջ` Թեհմինե Աթոյանի տուն, որտեղ էլ ապրում են անմահացած զինվորների հայրն ու քույրը: Տղաների մայրը տարիներ առաջ է մահացել:

Նախ Հայաստան է եկել Ադամը ու զորակոչվել բանակ, նա պետք է զորացրվեր 2021թ. հունվարին: Հոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 7-ին, ասել է, որ թևի շրջանում վիրավորում է ստացել, լուրջ բան չկա: Հայրը որդու դիակը գտնելուց հետո է պարզել, որ վիրավորումը գլխի շրջանում է եղել:

Զրույցին ներկա են տղաների հորաքույրները, տատիկը և միմյանց ընդմիջելով պատմում են նրանց հետ վերջին խոսակցությունների բովանդակությունը: Հորաքույր Նարգիզ Պետրոսյանը պատմում է, թե ինչ ոգևորությամբ է Ադամը զանգահարել ու ասել, որ լեյտենանտի կոչում է ստացել: Ադամի զինծառայությունն անցել է Մատաղիսում:

Հոկտեմբերի 10-ին ընտանիքին հայտնել են Ադամի զոհվելու մասին: Ընկերը Ադամի հեռախոսահամարով զանգահարել է հորաքրոջն ու ասել` Ադամն անմահացավ: Ավագ որդու զոհվելու լուրն իմանալուն պես հայրը ՌԴ-ից վերադառնում է Հայաստան, սակայն դեռ Ադամի մարմինը չգտած` հոկտեմբերի 18-ին կրտսեր որդու` Արամի զոհվելու բոթն է ստանում:

ԴՆԹ հետազոտության միջոցով քսան օր անց Ադամի մարմինը հայտնաբերվել է:

Արամը սեպտեմբերի 24-ից սկսած՝ Ջաբրայիլում զորավարժությունների է մասնակցել, այնտեղ էլ եղել է ողջ պատերազմի ընթացքում: Պատերազմը սկսվելուց մինչ հոկտեմբերի 10-ը Արամից որևէ լուր չի եղել: Առաջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին` եղբոր զոհվելու օրը: Արամը զանգահարել է հորաքրոջը, ասել, որ իր հետ ամեն ինչ կարգին է ու խնդրել, որ այդ մասին հայտնի հորն ու Քրիստինային` հարսնացուին: Զույգը նշանդրեքի արարողություն էր արել Ռուսաստանում: Արամը որոշել էր հայրենիքի առաջ պարտքը կատարելուց հետո ամուսնանալ: Սիրելիի զոհվելու լուրը Քրիստինայի մոտ առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

Please enter a valid URL