Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Շոպրոնի փողոցում և այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները դեպք վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ և ատրճանակից կրակված պարկուճներ:
Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր:
Կրակոցների արդյունքում վնասվածքի հետքեր են հայտնաբերվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարսպի վրա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքներով քաղաքացի կամ քաղաքացիներ ընդունվել են, թե ոչ:
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հդվածի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
19:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Փ.-ն: