Ռուս խաղաղապահներն ակտիվորեն համագործակցում են իրենց պատասխանատվության գոտում գտնվող բնակչության հետ, օգնում են փախստականների վերադարձին, տարածքի ականազերծմանը, ցուցաբերում են բժշկական օգնություն Արցախի բնակիչներին: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավաստիացնելով, որ Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի աջակցի Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճմանն՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների:
«Ստեղծվում է հումանիտար արձագանքման կենտրոն: Դա տեղի է ունենում հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ: Մենք ամեն կերպ աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությունը, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները, փորձն ու ներուժը ներդնել խաղաղ կյանքը վերականգնելու համար:
Մասնավորապես ռուսական կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ միջոցներ փոխանցել ԿԽՄԿ-ին, որն արդեն երկար տարիներ աշխատում է տարածաշրջանում:
Կարևորագույն հարցերից է գերիների փոխանակումը: Մենք մեր խաղաղապահների միջոցով ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացի արագ ավարտմանը:
Գիտենք, որ դա բավականին սուր հարց է գերիների հարազատների ու մտերիմների համար: Անկասկած կարևորագույն հարց է նաև զոհերի մարմինների փոխանակումը: Դա շատ էմոցիոնալ հարց է, որը պետք է հնարավորինս արագ լուծել»,-ասել է Լավրովը: