Search
Close this search box.

Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել. SOHR

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) նոր տվյալներ է հրապարակել Ադրբեջանի շարքերում կռվող սիրիացի վարձկանների վերաբերյալ:

SOHR-ի տվյալներով` Սիրիա վերադարձած գրոհայինները տարբեր չափի վարձավճարներ են ստացել: Ոմանց տրվել է 3500 դոլար և 600 թուրքական լիրա, մյուս խմբին՝ 1000 դոլար և 1000 լիրա, ոմանք էլ երկու անգամ են վարձատրվել՝ ընդհանուր 5000 թուրքական լիրայի չափով:

Կենտրոնի հաղորդմամբ` բոլոր վարձկաններն էլ նշել են, որ ամբողջ գումարը չեն ստացել:

Նշվում է, որ Արցախում սպանված սիրիացի վարձկանների թիվը գերազանցում է Լիբիայում սպանվածներին: Ըստ կենտրոնի՝ Ադրբեջանում 541 թուրքամետ սիրիացի վարձկան է սպանվել, իսկ Լիբիայում նրանց թիվը կազմել է 468:

Հաղորդվում է նաև, որ 825 գրոհայիններ դեռ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Ընդհանուր առմամբ, թուրքական կառավարության աջակցությամբ Ադրբեջան էր տեղափոխվել 2580 սիրիացի վարձկան:

Please enter a valid URL