««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը երեկ հայտարարություն տարածեց. «Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են:
Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով: Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:
Միևնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով՝ որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից՝ որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը: Ուզում եմ նաև ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»:
Այս ամենից հետո ArmLur.am-ը տեղեկություն ստացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը ևս խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունի: Պատգամավորի հետ զրուցել ենք՝ հասկանալու՝ արդյոք պատրաստվում է նման քայլի դիմել, թե ոչ։
֊Տիկին Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունեք: Քննարկո՞ւմ եք անկախ պատգամավորի կարգավիճակում Ձեր աշխատանքը շարունակելու հարցը: Արդյոք քննարկումներ ունենո՞ւմ եք այդ հարցի վերաբերյալ:
֊Ո՞ւմ հետ քննարկում ունենամ:
֊Խմբակցության ներկայացուցիչների կամ խմբակցության ղեկավարության հետ չե՞ք քննարկել:
-Որևէ մեկի հետ չեմ քննարկել ու չեմ էլ քննարկելու, քանի որ եթե գամ այն որոշման, որ հիմա ես պետք է թողնեմ խմբակցությունը, ապա ոչ թե պետք է հարցնեմ, այլ պետք է որոշում կայացնեմ և տեղեկացնեմ: Այդքանը:
֊Իսկ այս պահի դրությամբ որոշում ունե՞ք կայացրած:
-Հենց այս պահի դրությամբ նպատակահարմար չեմ գտնում:
-Խմբակցությունից դուրս գալը նպատակահարմար չե՞ք գտնում այս պահին:
-Այս պահին, այո, այլապես շատ վաղուց դա արած կլինեի, որովհետև երբ դեռ որևէ մեկը չէր գրել, ես արդեն գրել էի, պարզապես չեմ ներկայացրել խմբակցություն, քանի որ տաք քայլ անելու խնդիր չունեմ, այլ ունեմ վճռականության խնդիր, որ պետք է լուծեմ մի շարք հարցեր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: