Search
Close this search box.

Լաչինը հանձնելու գործընթացը պետք է դադարեցնել մինչև բոլոր գերիների և զոհվածների աճյունների վերադարձը․ Էդգար Ղազարյան

Ռուսաստանի Նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Հատկանշական է, որ հայտարարության այդ կետի կատարման համար ժամկետներ չեն ամրագրվել։ Ակնհայտ է, որ այդ գործողությունը ենթադրում է ԱՆՀԱՊԱՂ կատարում։ Եվ դա տրամաբանական է, քանզի այն, ինչը վերաբերվում է մարդուն, գերիներին, վիրավորներին կամ զոհերի մարմիններին, դրանք պետք է կատարվեն անմիջապես, տվյալ դեպքի համար միակ խելամիտ ժամկետը ԱՆՀԱՊԱՂ-ն է։ Տարածքները կարելի է նաև 10 օր ուշ հանձնել, սակայն մարդկանց և նրանց մարմինները պետք է հանձնել անմիջապես։ Հարկ է նկատել, որ պատերազմում զոհվածների մարմինների և գերիների փոխանակմանն նպատակով քննարկումները սկսվել են պատերազմի ընթացքում և առաջին հայտարարությունն այդ մասին եղել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում, այնուհետև հոկտեմբերի 18-ին և 26-ին (վերջինը Վաշինգտոնում)։ Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերն ունեն հավասար իրավաբանական ուժ, դրանցից ոչ մեկն առավելություն չունի մյուսի նկատմամբ, իսկ դրանցից մեկի խախտումը կողմերի կողմից, կարող է պատճառ հանդիսանալ, մյուս կետերի չկատարման համար։ Հայաստանի ապաշնորհ վարչապետը, որի ողջ գործունեությունն ուղղված է ադրբեջանական շահերի սպասարկմանը, բարեխղճորեն և սահմանված ժամկետում կատարում է միայն ադրբեջանցիներին պահանջները՝ անկատար թողնելով մեզ համար այդչափ կարևոր գործընթացի իրականացումը։ Նա կարող էր և պետք էր ադրբեջանական կողմին փոխանցեր մեր գերիների և զոհերի ցուցակները և մինչև վերջին մարդուն և զոհվածի մարմինը չփոխանցվեր հայկական կողմին, չպետք է կատարեր հայտարարության որևէ այլ կետի պահանջ։ Բայց նա սահմանված ժամկետներում հանձնել է գրեթե բոլոր տարածքները, իսկ գերիներին և անհայտ կորածների հարցով որևէ գործնական քայլ չի իրականացվել, բացի նրանց հարազատներին պետական տարբեր կառույցների, այդ թվում իր գրասենյակի դռների առջև չարչարելուց և նրանց խաբելուց։ Լաչինի շրջանը հանձնելու դեռ 2 օր ժամանակ կա։ Պետք է դադարեցնել այդ գործընթացը, մինչև Ադրբեջանի կողմից մեր բոլոր գերիների և զոհվածների աճյունների վերադարձը։

Հ․Գ․ ՈՒմից ինչ ենք պահանջում։ Հազարավոր կյանքեր խորտակած, հսկայական տարածքների հանձնած, բազում փախստականների և ավերածությունների պատճառ դարձած ու այդ ամենից հետո իր կնոջ դուխին վերադարձնելու համար մտահոգ մարդուց ակնկալում ենք մարդկային ճակատագրերի հանդեպ հարգալից վերաբերմունք»,- գրել է նա։

Please enter a valid URL