News.am-ը գրում է. Պատերազմի հետեւանքով Սյունիք հասած հայ–ադրբեջանական սահմանին զինվորականներ ու կամավորներն այժմ նոր խրամատներ են փորում, ինժեներական աշխատանքներ են իրականացվում։
Նոր առաջնագիծը պահում են զինծառայողները, կամավորներն ու «մոբի տղաները», որոնցից շատերը պատերազմի 44 օրվա ընթացքում կռվել են՝ սկսած Ջաբրայիլից, ապա նահանջելով դիրքավորվել հակառակորդին անցած Քաշաթաղի Կուբաթլու քաղաքից փոքր հեռավորության վրա։
Թեև այս հատվածում GPS-ով սահմանազատում դեռ չի արվել, տղաները շտապում են առավելագույն բարենպաստ դիրքերում ամրապնդվել։
NEWS.am-ի հետ զրույցում Սյունիքի դիրքապահներն ասացին, որ հարյուրավոր կիլոմետրերով երկարած՝ հայ–ադրբեջանական սահմանն ամրացնելու համար լրացուցիչ, թարմ ուժեր են պետք, հայրենակիցներին կոչ են անում գալ, միանալ իրենց աշխատանքներին։
Դավիթ Բեկ գյուղի սահմանը պահում է պատերազմի օրերին ձևավորված՝ Սյունիքի ինքնապաշտպանական ջոկատներից մեկը, որի կազմում հիմնականում գյուղի բնակիչներն են ու կամավորներ Հայաստանի այլ վայրերից։ Դիրքերը կահավորել են, անհրաժեշտ սարքեր են գնել, զգալի մասը՝ արտերկրում ապրող իրենց համագյուղացիների օգնությամբ։
Ամբողջ օրն աշխատում են, բայց աչքը պահում են դիմացի բլուրներին դիրքավորվող ադրբեջանցիների վրա, նրանք էլ հիմա դիրքեր են ամրացնում։ Չնայած ռազմական գործողությունները դադարել են, զգոնությունը չեն կորցնում։
«Հենց գյուղի տղաներից՝ որսորդներից, հատուկ ջոկատայիններից մենք ունենք խմբեր, որոնք օրուգիշեր աշխատում են, այն տարածքները, որտեղից կարող են իրենց դիվերսանտները ներթափանցել, փակված են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանությունը ստանձնած հրամանատար Արթուր Մարտիրոսյանը։
Չնայած երկու կողմերն էլ դիրքավորված են այնպես, որ լիովին դիտարկում են միմյանց շարժը, բայց հրադադարի խախտման դեպքեր պատերազմի ավարտից հետո չեն արձանագրվել։