ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը Հայկ Ցիրունյանին տալու վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր հաշվի առնելով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները, սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է մեկ այլ արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արսեն Կարապետյանի մանդատը Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սերգեյ Ռազմիկի Գյոզալյանին տալու վերաբերյալ: