Ես արդեն վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Ու նոր հասկացա, թե ինչու ՀՀ իշխանություններն ընդհանրապես ծպտուն չեն հանում, երբ Ալիևը սպառնում է ռազմատուգանքներով:
Տեսե՛ք, գոնե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ հստակ դիրքորոշումն Արցախի հարցով եղել է հետևյալը. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Արցախի կարգավիճակը, սահմանները միշտ եղել են քննարկման առարկա, բայց հայկական կողմի կարմիր գիծը այս բանաձևով է տրվել. «երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Միշտ սա հստակ ասվել է բոլոր միջազգային ամբիոններից, սա միշտ հասցվել է միջազգային մեր բոլոր գործընկերներին։
Բայց Նիկոլը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով, ըստ էության, ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։
Հիմա եթե Ադրբեջանը վերցնում է թեկուզ միայն Սոթքի, Դրմբոնի, Կաշենի և մյուս հանքերից արդյունահանած թանկարժեք մետաղների գինը, այդ գումարի վրա էլ մի հատ տոկոս է ավելացնում ու մտնում է միջազգային դատարան՝ պահանջելով փոխհատուցում, ի՞նչ եք կարծում, Հայաստանն ի՞նչ շանսեր ունի նման դեպքում։
Ու պարզ է, չէ՞, որ այդ ֆանտաստիկ թվերի դիմաց տարածքներ է պահանջելու։
Չեք կարծում, չէ՞, որ Նիկոլը դա չգիտի։
Հասկանում եք, չէ՞, թե ինչու են այդ մասին հիմա լռում…»,- գրել է Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին` օրվա երկրորդ կեսին, տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցի տասնյակ զինվորականներ ներխուժել են ՀՀ ամենախոշոր` Սոթքի ոսկու հանքի տարածք, որի մի հատվածը, Քարվաճառի շրջանի` նոյեմբերի 25-ին Ադրբեջանին հանձնելուց հետո, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում: Հաղորդվում էր նաև, որ ադրբեջանցիները կոտրել են Սոթք-Քարվաճառ մայրուղու վրա տեղակայված անցակետի` նախօրեին տեղադրված դարպասներն ու առաջ շարժվել:
Համացանցում տարածվել էին մի շարք տեսանյութեր, որոնք, թերևս, հաստատում էին տեղեկությունների իսկությունը: Տեղեկատվությունը հաստատել էին նաև Սոթքի համայնքապետը, դպրոցի տնօրենը, նաև` ԱԺ պատգամավորներ:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը սկզբում հերքել էր տեղեկատվությունը` հորդորելով սպասել պարզաբանումների: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ դարպասները չեն կոտրվել, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում:
«Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Ավելի ուշ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ Սոթքի հանքի մի մասը պատկանում է կիսով չափ մեզ, կիսով չափ գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Հարցին, թե ադրբեջանական կողմից մտե՞լ են ներկայացուցիչներ Սոթքի հանքի տարածք, Տիրան Խաչատրյանը պատասխանել է. «Այո երեք դիրք են տեղադրել, այդ տարածքում, ընդ որում, մեկը` անմիջապես հանքի եզրագծով»: