Ղարաբաղի վերաբերյալ Open TV-ի լրագրողի հարցը շփոթեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչ է եղել ահաբեկիչների եւ գրոհայինների հետ, որոնք մարտական գործողությունների շրջանում գտնվում էին հակամարտության գոտում: «Մենք շատ հաճախ տեսահոլովակներ ենք տեսնում, որոնցում զինվորականները կոտրում են հայերի գերեզմանները, պղծում սրբավայրերը: Կցանկանայի իմանալ՝ ո՞րն է Ռուսաստանի դերը, եւ ի՞նչ է կատարվում այդ գրոհայինների հետ»,-հետաքրքրվել է լրագրողը:
Զախարովան նախ հայտարարել է, որ կարտահայտվի զինված խմբավորումների վերաբերյալ, քանի որ տվյալ հարցը ոչ մեկ անգամ է հնչել, սակայն ինքը չի հասկանում, թե ինչ նկատի ունի լրագրողը՝ «Ռուսաստանի դեր» ասելով: «Ինչպե՞ս եք այդ ամենը կապում միմյանց հետ: Ինչ-որ կերպ կապել եք դա գերեզմաններ կոտրելու հետ: Ի՞նչ եք դուք խոսում»,-շփոթված հարցրել է Զախարովան: Ի պատասխան լրագրողն ասել է, որ ցանկանում է հասկանալ, թե ո՞ր տարածքներում է այդ ամենը տեղի ունենում: «Ես նկատի ունեմ, թե արդյոք ձեր ներկայացուցիչը նկատում է այդ ավերումներն ու պղծումները»,-հարցրել է լրագրողը:
Զախարովան պատասխանել է, որ «դա արդեն անարդար է»: «Այդ դեպքում կոնկրետ օրինակ նշեք: Կոնկրետ ի՞նչ աշխարհագրական կետերում են տեղի ունենում ձեր ասած բարբարոսական գործողությունները, եւ այդ ժամանակ ես կկարողանամ կոնկրետ պատասխան տալ: Անհնար է ընդհանուր խոսել այն մասին, որ բարբարոսական գործողություններ են կատարվում, եւ դրանք ինչ-որ կերպ կապել Ռուսաստանի հետ: Ներեցեք, բայց դա արդեն սյուրռեալիստիկ խոսակցություն է: Խնդրում եմ, ուղարկեք կոնկրետ տեսահոլովակներ, լուսանկարներ, որոնց մասին խոսում եք, եւ նշեք դրանց գտնվելու վայրը: Այդ ժամանակ մենք կկարողանանք կոնկրետացնել դրանք: Ինձ, անկեղծ ասած, մի բան է զարմացնում…Դուք հարցն ուղղում եք մեզ: Միգուցե իմաստ ունի՞ հստակեցնել այդ անձանց պատկանելիությունը կոնկրետ պետությանը, ապա դրանից հետո հարցն ուղղել այդ պետությանը, որի քաղաքացիներն են այդ տեսանյութերում պատկերված անձինք: Մեկ անգամ եւս կրկնեմ, բարի եղեք, ուղարկեք մեզ այդ նյութերը, եւ մենք կհստակեցնենք, թե ինչի մասին է խոսքը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: