Բերձոր քաղաքի բնակիչներին երեկ երեկոյան զգուշացրել են, որ պետք է մինչեւ նոյեմբերի 30-ը, ժամը 18։00-ն հանձնեն իրենց տներն ու հեռանան քաղաքից։
Բերձորում տասը տարուց ավելի բնակվող, հիվանդանոցի գլխավոր հաշվապահ Մերի Մելիքյանը երկու երեխաների հետ պատերազմի օրերին ապաստանել էր Գորիսում, հիմա պատրաստվում է Աշտարակ տեղափոխվել, որտեղ արդեն տուն է վարձել։
«Զգուշացրել էին, որ մեր իրերը հանենք, հանել ենք էն, ինչ խիստ անհրաժեշտ էր, մնացածը թողել էինք, որ հետ ենք գալու, ապրենք, բայց որ էսպես եղավ, էլ ինչ հետ գանք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերին։
Նա Բերձորում մոտ 2 տարի առաջ վարկով բնակարան էր գնել, հիմա ստիպված հեռանում է սեփական տնից։ Մերին չի հետաքրքրվել, թե ինչու է նման որոշում կայացվել, որովհետեւ չգիտի, թե ով պետք է պատասխանի այդ հարցին։
«Հիմա կարեւորն այն է, որ ինչ էլ փորձենք հանել տնից, փրկենք, մեր օգուտն է։ Ո՞վ պետք է էդ հարցին պատասխան տա, մեր պես մարդիկ էլ իրենք են։ Իրենք էլ են էսօր անակնկալի եկել, ում ինչ ասես»,- ասաց նա՝ հավելելով, որ ըստ խոսակցությունների՝ Բերձորի քաղաքապետը հետագայում կարող է լինել ադրբեջանցի։
«Մնացած տեղերը ոնց են իրենք մտել, նույն ձեւ էլ ստեղ են մտնելու։ Հայաստանի ղեկավարությունն ասում է՝ մնացեք, իրենց հետ կարող եք ապրել, մտնել իրենց կազմի մեջ, այսինքն՝ դառնանք իրենց քաղաքացի։ Ինչի՞ մենք ադրբեջանցու հետ կարո՞ղ ենք ապրել, կարո՞ղ ես երեխա պահել էստեղ՝ չես կարող»,- նկատում է Մերին։
Բերձորցիները շտապում են հավաքել իրենց իրերը, որ տեղափոխվեն Հայաստան։
«Մի տուն, մի խանութ թողնում եմ Հայկազյանում, երեք տուն էլ՝ Լաչինում, որից երկուսը կանխիկ եմ առել։ Իսկ մյուս տունը, որն ինձ տվել են, ամբողջովին վերանորոգել եմ, որտեղ կարող է բնակվել երկու ընտանիք, էդքան մեծ տուն է, իսկ պետությունն ինձ ինչո՞վ է օգնելու, երբ էս տները թողնում եմ, գնամ, ոչ մի բան չեն տալիս, ոչ էլ մտքերովն է անցնում, որ տան»,- նշում է բերձորցի տղամարդը, ապա հավելում․«Էսօր մի ամբողջ ազգ մնացել է դրսում, մի հատ Ստեփանակերտ մնաց ու վերջ»։
Նշենք, որ ավելի վաղ Արցախից հայտնել էին, որ Բերձոր քաղաքը մնալու է հայկական կողմի վերհսկողության ներքո։