ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը:
«Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,-ասաց Ալթունյանը:
Նա պարզաբանեց խնդիրը. «Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»:
Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, թե ադրբեջանցիները կոտրել են դարպասը, նաև մտել Սոթքի հանքավայր: