Search
Close this search box.

ՄԻՊ-ը ահազանգում է․ վերջին օրերի հարձակումները համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից

Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Հարցը կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումների մասին է:

Նման հարձակումներ պարբերաբար կազմակերպվում են նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:

Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:

Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Ստացվում է՝ ըստ էության գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու եւ վարելու հետ:

Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որեւէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ:

Ցավոք, այս արատավոր երեւույթը վերջին երկու տարիների ընթացքում ստացավ ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեց համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:

Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որեւէ զարգացում՝ հաշվի առնելով բոլորիս միասնական ու համախմբված լինելու, միմյանց խոսքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը:

Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ հիմա գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունը՝ որպես Սահմանադրության 25-րդ հոդվածով ուղիղ երաշխավորված իրավունք, վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին կարող է խարխել մեր երկրի անվտանգության հիմքերը»,- գրել է նա։

Please enter a valid URL