Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։ Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանել են բանաձևը։
Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։
Բանաձևում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքներ բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:
Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը կասի արդեն Ֆրանսիայի կառավարությունը։
Բանաձևը Սենատի քննարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 18-ին:`Սենատի տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորների՝ Բրունո Ռեթայլոնի (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանների, Էրվե Մարսելի («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասիի և Գիոմ Գոթարի կողմից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:
Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար: