Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը, որը սկսվել է այսօր 00:00-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նոյեմբերի 25-ին 00:00-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ սկսվել է ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի փոխանցումը»,- ասել է նա։
Գեներալը հայտնել է, որ մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղում իրենց տներ են վերադարձել 2 հազարից ավելի փախստականներ։ «Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 2 հազարից ավելի փախստականներ»,- նշել է Կոնաշենկովը։
Գեներալի խոսքով՝ նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ բնակության նախկին վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր արդեն 15 հազարից ավելի բնակիչ։
Դրանից բացի, Կոնաշենկովի խոսքով՝ կազմակերպվել է Ստեփանակերտ ավելի քան 300 տոննա շինանյութի անվտանգ տեղափոխումը։ Այն օգտագործվելու է ռուս խաղաղապահների կողմից սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների եւ բնակելի շենքերի վերականգնման ժամանակ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցները նաեւ պայթյունավտանգ իրերից մաքրել են 1 հեկտար եւ 1,5 կմ ճանապարհ։ «Ականազերծման ժամանակ ընդհանուր հայտնաբերվել է 57 պայթյունավտանգ իր, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված հրաձգարան եւ ոչնչացվել են»,- պարզաբանել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղ են ուղեւորվել Արեւելյան ռազմական օկրուգի ռազմական բժիշկները։ Նրանք բուժօգնություն են ցուցաբերելու ռուս խաղաղապահներին եւ տեղի բնակիչներին։ «Հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջնային խումբը՝ բաղկացած 37 մասնագետից, անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման տեխնիկայով ժամանել Հայաստանի տարածք եւ ուղեւորվում է Ստեփանակերտ»,- շեշտել է Կոնաշենկովը։