Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Նրանք ասում են, որ անելանելի վիճակում են հայտնվել, որևէ հստակ պատասխան չեն տալիս իրենց։
«Մեզ տեղեկացրել են, որ արդեն համաձայնություն են ստացել, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ռուսական խաղաղապահների հետ գործողությունները պետք է սկսվեին։ Սա այսօրվա թարմ տվյալ է, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ դեռ որևէ գործողություն չկա։ Դրա համար այսօր արդեն եկել ենք Ռուսաստանի դեսպանատան մոտ, որ միջամտեն, այս խնդիրներին լուծում տան։ Երեկ գործողություն է եղել Հադրութի երկու գյուղերում, բայց դրանից հետո չեն գնացել ավելի խորքերը»,- ասացին ծնողները։
Երեկ վարչապետն ընդունել էր անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Նրանք այսօր լրագրողներին ասացին, որ վարչապետի հետ հանդիպումն իրենց չի գոհացրել։ «Վարչապետի հետ մեր հանդիպումը երկար չի տևել, մի քանի հարց է տրվել իրեն, որից հետո ինքն ասաց՝ շտապում է կարևոր հանդիպման, որը վերաբերում է հենց մեր հարցին։ Դրանից հետո փոխվարչապետ Ավինյանի հետ է եղել մնացած զրույցը»,- ասացին նրանք։
Զինծառայողների հարազատները պնդում են, որ պետական մարմինները անհրաժեշտ աշխատանք չեն տարել նաև զինծառայողներին շրջափակումից փրկելու համար։ Նրանցից մեկը պատմեց․ «Ինձ հոկտեմբերի 10-ին զանգել է իմ եղբոր տղան, ասել է՝ հոպար, շրջափակման մեջ ենք։ Ես 3 րոպե հետո այդ հեռախոսազանգը փոխանցել եմ Գորիսի ռազմական ոստիկանություն։ Իմ տվյալներով՝ այնտեղ այնպիսի խառնաշփոթ է եղել, որ հայը հայի վրա էլ է կրակել, անգամ հայկական համազգեստ հագածներ են եղել, բայց մեր տված օպերատիվ հաղորդման պայմաններում անգամ չեն արել որևէ գործողություն, որ երեխեքին անտառների միջից հանեն։ Երեկ չէ առաջին օրն արդեն Կարմիր Խաչը պետք է մտներ ու Հադրութում աշխատեր, բայց իմացանք, որ Ադրբեջանը փակել է, չի թողնում»։
Անհետ կորած զինծառայողների ծնողները խնդրագիր ստորագրեցին՝ ՌԴ դեսպանատուն հանձնելու համար։ «Մարդիկ ընկած մորգերում են ման գալիս իրենց երեխեքին, էլ հույս չկա»,- ասում են նրանք։
Նրանց խոսքով՝ ըստ ստորագրված փաստաթղթի՝ անհետ կորածների ու գերիների վերադարձի գործընթացը պետք է ավարտվի մինչև դեկտեմբերի 1-ը։ «Բայց չեն հասցնի այդ ժամկետում։ Դավիթ Տոնոյանը մեզ ասել էր՝ եթե թույլ տան մտնենք այդ տարածքներ, երկու շաբաթում կավարտենք աշխատանքները։ Ժամանակն անցնում է, բայց արդյունք դեռ չունենք»,- հավելեցին ծնողները։