Ռուսաստանն հնարավոր բոլոր քայլերն արել է Հայաստանին մենակ չթողնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն իրեն մենակ չի զգացել։
Պուտինը բացատրել է` ինչու Ֆրանսիան ու ԱՄՆ–ն չեն մասնակցել եռակողմ հայտարարության կազմմանը
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որ Հայաստանն իրեն մենակ ու լքված չզգա։ Հայաստանի քաղաքական վերնախավը շնորհակալություն է հայտնել մեր ջանքերի համար», – նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ Հայաստանի դեմ ոչ մեկը չի հարձակվել, իսկ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէր։
«Բայց մարտի դաշտում իրավիճակը ձևավորվեց այնպես, ինչպես ձևավորվեց», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով` Ռուսաստանը միշտ կողմնակից է եղել հակամարտող կողմերի միջև հավասարակշռություն ստեղծելուն։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: