Նոյեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր խոսքում նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, մեարծարգո պարոն նախարար, ես արդեն հնարավորություն եմ ունեցել իմ հրապարակային խոսքում հայտնել իմ կարծիքը, իմ մոտեցումները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին, որի հետ անցկացրեցինք այս դժվարին օրերը: Ունենք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»: Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր փորձը փոխանցել նորանշանակ նախարարին՝ այս շատ դժվարին ու բախտորոշ փուլում հաղթահարելու բոլոր խնդիրները: