Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, որտեղ այս պահին գտնվում են նաև Ստեփանակերտի, Քաշաթաղի, Բերձորի հաստատություններից տեղափոխված երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է երեխաների խնամքի կազմակերպմանը, որը հիմնված է երեխաների կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջական և այլ կարիքներին աջակցություն ցույց տալու վրա։
«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն և Արցախի երեխաների հաստատության տնօրենի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատության տարածքում տեղակայված կացարաններով, ծանոթացել երեխաների հետ։
Երեխաները Պաշտպանին տեղեկացրել են, որ հաճախում են համայնքի դպրոց, իսկ նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է հաստատությունում։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է բարեգործական հիմնադրամի աշխատանքն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի երեխաներին աջակցություն տրամադրելու գործում՝ շեշտելով, որ երեխաներին առնչվող հարցերում պետք է մշտապես հաշվի առնել նրանց լավագույն շահը։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների ընթացքում և դրանց արդյունքում ականատես եղանք երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների, ինչպես նաև այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից ոչ պատշաճ և ոչ համաչափ արձագանքի։ Վերացական և հռչակագրային բնույթ ունեցող կոչերից առավել կարևոր է երեխաների իրավունքների ակնհայտ խախտումների վերացումը և դրանց բացառման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումն ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային հանրության, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:
Նշենք, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: