Մարտակերտի շրջանի 7 գյուղերի բնակիչների տարհանման աշխատանքներով մենք չենք զբաղվում, այդ պատճառով չենք կարող ոչինչ ասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության բաժնի աշխատակից Հունան Թադեւոսյանը:
«Կարող եմ ասել, որ այդ մարդիկ չեն իմացել, որ պետք է հեռանան, նրանց այդ մասին հայտնել են երեկ երեկոյան: Գործընթացը շարունակվում է, մարդիկ լքում են իրենց տները: Նրանց մի մասը մեկնել է Հայաստան, մյուս մասը մնում է Արցախում»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ պետությունը պարտավորություն է ստանձնել փոխհատուցել Արցախում մնացած բնակիչների բնակարանների վարձը:
«Հետագայում բնակարաններ կկառուցվեն եւ կփոխանցվեն այդ մարդկանց»,-հավելեց Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնության դրույթների համաձայն՝ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը եւս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Նշված բնակավայրերը, ինչպես նաեւ Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:
Միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերից ավելի քան 2000 բնակիչների գույքը դուրս բերելու, նրանց ժամանակավոր կացարանով եւ այլ միջոցներով ապահովելու համար: Բնակիչներին տարածքը լքելու համար ժամանակ է տրվել մինչեւ նոյեմբերի 19-ը ժամը 23:00-ն: