Արդեն մի քանի օր է՝ ինչ բոլորը քննարկում են Շուշիի անկման հանգամանքները, ընդ որում՝ հնչում են իրարից տարբեր հայտարարություններ, իսկ երեկ էլ դրան անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նախ ամեն ինչ սկսվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից: Վերջինս նոյեմբերի 16-ին խորհրդարանում խոսելով դեպքերի մասին, նշել էր, թե պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և ապա տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից։
Սակայն դրանից առաջ՝ առավոտյան Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր նաեւ լրագրողների հարցերին՝ նշելով. «Կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից, այո կարող էինք, եթե համաձայնեինք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները` ներառյալ Շուշին։ Այո՛, կարող էինք, բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ոչ, դա չէր։ Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունը և մեր ԶՈՒ-ն որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որ նետված էր, բայց դա չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս կցանկանայինք․․»:
Սակայն Ազգային ժողովում նրա հայտարարություններից հետո առաջինն արձագանքեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանբը՝ ասելով խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:
Երեկ էլ այս հարցին անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կրկին նշելով, որ Շուշիի հանձնման հարցը մինչեւ վերջին հակամարտությունը չի բարձրացվել` խոսելով մի առաջարկի մասին, որը հոկտեմբերի 19-20-ին արվել է հայկական եւ ադրբեջանական կողմերին, սակայն Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դրանից: Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հոկտեմբերի 19-20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հայերը կկարողանային պահպանել Շուշին, սակայն այնտեղ պետք է վերադառնային գաղթականները։ Պուտինը նշեց, թե կարողացել էր համոզել Իլհամ Ալիևին, սակայն հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանը։ «Ի զարմանս ինձ, Փաշինյանն ուղղակիորեն ասաց, որ այստեղ տեսնում է վտանգ հայերի ու Ղարաբաղի համար, հիմա այդքան էլ չեմ հասկանում՝ ինչ վտանգ, եթե Շուշին մնում էր հայկական կողմում և այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները»,- ասել է Պուտինը:
Հավելենք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունով Շուշիի հանձնումն Ադրբեջանի վերահսկողության տակ բուռն քննադատության և քննարկումների առիթ էր դարձել։
Մանրամասները՝ ArmLur.am-ը տեսանյութում: