Ֆրանսիայի 15 քաղաքապետեր հայտարարությամբ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանն այն նույնպես ճանաչելու կոչ արել։
«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության և կոչի ոչ պաշտոնական թարգմանությունը։
«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994թ․-ից ի վեր անկայուն հրադադարով սառեցված Ղարաբաղյան հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով ինքնորոշված հանրապետության դեմ:
Ադրբեջանական բանակը, որի կազմում ներգրավված էին Սիրիայում ջիհադիստական խմբերում ծառայած վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ առաջացրեց Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որն ուղեկցվեց զինված հակամարտության միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով: Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Այդ ռմբակոծությունների զոհ են դարձել բազմաթիվ խաղաղ բնակիչներ և արտաքսման ենթարկվել հազարավոր արցախցիներ:
Նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ 44-օրյա արյունալի մարտերից հետո, Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո ստորագրված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտավ՝ ֆիքսելով հակամարտության կողմերի դիրքերը: Չնայած, որ այդ համաձայնագրի վերջնական դրույթներն ամենևին էլ գոհացուցիչ չեն, դրանք օգնում են առնվազն փրկել կյանքեր երկու կողմերից: Տարածքային կորուստները, այնուամենայնիվ, կարող են հանգեցնել ծայրահեղ վատ իրավիճակի՝ Արցախի բազմահազարամյա ժառանգության, 4-րդ, 8-րդ կամ 10-րդ դարի նրա հարյուրավոր վանքերի և եկեղեցիների պահպանման հարցում… Այդ առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով՝ նկատի առնելով բոլոր աննախադեպ ավերումները, որ իրականացվել են քաղաքում, այդ թվում` վերջերս վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ:
Այսուհետ, մեր պարտքն է այլևս չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային։ Մենք պետք է վերահաստատենք մեր ողջ զորակցությունը բարեկամ ժողովրդին՝ սատարելով հայ բնակչության վերադարձին իրենց պապենական հողեր:
***
1991թ․ սեպտեմբերի 2-ին իր անկախության հռչակումից ի վեր, որը ամրագրվել է 1991թ․ դեկտեմբերի 10-ին լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը սեփական ժողովրդի համար մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում:
Ամբողջացնելով միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը) այսուհետ պետք է համարվի, որպես այդպիսին, իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողին, ընդհանուր լեզվով, միասնական պատմությամբ, ժառանգած մշակույթով և դավանած կրոնով: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը` Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:
Ֆրանսիան, որը հավասարակշռված քաղաքականություն վարող գերտերություն է, հազարամյա բարեկամական կապեր ունի Հայաստանի հետ և ավելի քան 100 տարուց ի վեր պատմական և համընդհանուր պատասխանատվություն է կրում այն ցեղասպանության նկատմամբ, որի զոհ դարձավ հայ ժողովուրդը 1915 թ․-ին: Այս բարեկամությունն իր արտահայտումն է գտնում այն հարաբերություններում, որոնք երկար տարիներ ի վեր գոյություն ունեն մեր քաղաքների ու շրջանների և Հայաստանի կամ Արցախի համայնքների միջև:
Հետևաբար, մենք՝ այս կոչը ստորագրած քաղաքապետերս և տեղական ընտրված ներկայացուցիչներս, ճանաչելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, որպես նրա բնակիչների անվտանգության երաշխավորման և դեռևս Արցախին սպառնացող էթնիկական զտումների կանխարգելման միակ արդյունավետ միջոց, այսօր կոչ ենք անում միջազգային հանրությանն այս ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Այս ամենից ելնելով՝ մենք առաջին հերթին հորդորում ենք Ֆրանսիայի կառավարությանը դուրս գալ իր բարեհաճ չեզոքությունից՝ ճանաչելով Արցախը, և աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղ գործընթացին, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները՝ հանդիսանալով տրամաբանական և արդյունավետ քայլ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում»,- ասվում է Ֆրանսիայի 15 քաղաքապետերի հայտարարության մեջ:
Հայտարարությունն առաջինն ստորագրել են.
— Նիկոլա Դարագոնը, Վալանսի (Դրոմ) քաղաքապետ,
— Լորանս Ֆոտրան, Դեսինի քաղաքապետ (Ռոն),
— Թիերի Կովակսը, Վիենի քաղաքապետ (Իզեր),
— Էրվե Ռեյնոն, Սոն Շամոնի քաղաքապետ (Լուար),
— Ֆիլիպ Մարինին, Կոմպիեյնի քաղաքապետ (Ուազ),
— Ռիշար Մալիեն, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն),
— Միշել Ամիելը, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն),
— Ժան-Ժակ Գիյեն, Շավիյի քաղաքապետ (Օ-դը-Սեն),
— Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի քաղաքապետ (Օ-դը-Սեն),
— Մոդ Տալեն, Շան-սյուղ-Մաղնի քաղաքապետ (Սեն-է-Մաղն),
— Մարի-Էլեն Թողավալը, Ռոման-սյուղ-Իզեղի քաղաքապետ (Դրոմ),
— Մարլեն Մուրիեն, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ (Դրոմ),
— Նատալի Նիեզոնը, Բուրգ-դը-Պեաժի քաղաքապետ (Դրոմ),
— Կրիստիան Գոտիեն, Շատյուզանժ-լը-Գուբե քաղաքապետ (Դրոմ),
— Սիլվի Գոշեն, Գիլերան-Գրանժի քաղաքապետ (Արդեշ)։