Զինված ուժերի բուժծառայողների համար առանձնահատուկ փորձություն էր վերջին երկու ամիսները: Այս դժվարին օրերին զինվորական բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, տարհանում, բուժում, փրկում էին մահվան ճիրաններում գտնվող զինվորին, սպային, կամավորականին և խաղաղ բնակչին: Արհամարհելով հոգնածությունը՝ առանց դադարի, առաջնագծում թե թիկունքում, բժիշկ թե բուժքույր, դիմակայում էին ամենօրյա մարտահրավերներին: Մասնագիտական բարձր գիտելիքների և փորձի շնորհիվ, ոչ միայն հոսպիտալներում, այլ նաև առաջնագիծը ապահովող բոլոր բժշկական ջոկատներում և զորամասերի բժշկական ծառայություններում, ցուցաբերվել է որակյալ և նպատակային բուժօգնություն:
Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում, հերոսաբար զոհվեցին բժիշկներ, բուժակներ, սանհրահանգիչներ, սանիտար-վարորդներ: Նրանցից յուրաքանչյուրն իր դիրքը պահեց մինչև վերջ. զոհվեց, բայց հավատարիմ մնաց մարդասիրական իր կոչմանն ու առաքելությանը, չդադարող կրակի պայմաններում աննկուն ու համառ պայքար մղեց հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանի կյանքի համար: Նրանք այսօր, ցավոք, մեր կողքին չեն, սակայն նրանց շնորհիվ շարքում են երկրորդ կյանք ստացած զինծառայողներն ու կամավորականները:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան