Պատերազմից հետո ես մեկ անգամ ցավ տեսա Նիկոլ Փաշինյանի աչքերում, երբ հայտարարեց, որ դուխին եւ իր կոնյակը գողացել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրով մեզանից գողացել են Թալիշը, Մատաղիսը, Մարտունու գյուղեր ու հատվածներ, Ասկերանի շրջանից հատվածներ, կորցրել ենք Շուշին, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբալթուն, Աղդամը, Քաշաթաղը գրեթե ամբողջությամբ, Շահումյան շրջանը՝ Քարվաճառի կենտրոնով։ Եվ այստեղ մեզ ասում են՝ մի ասեք, ցավը մի ավելացրեք, բա ինչ՝ սերիալներ ցուցադրե՞նք։ Նայեք, գաղթի ճանապարհի նման քարվաճառցին հենց հիմա իր անասունները դեմը գցած անցնում է դեպի Վարդենիս, մեղվի փեթակները ձեռքին, մարդիկ գերեզմանները հանել, հանգուցյալների շիրիմները գրկած բերում են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաեւ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, թե պատերազմը կանգնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պիտի հանձնվեր առանց մարտի. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ պատերազմը կանգնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պիտի հանձնվեր առանց մարտի, երեկ ԱԳՆ խոսնակը հայտարարում է՝ խաղաղ գործընթացի որեւէ փուլում Շուշիից հրաժարվելու հարց չի եղել, որից հետո ԱԳ նախարարը ոտքի վրա հրաժարականի դիմում է գրում»։
Անդրադառնալով ԱԺ-ում հնչած այն հայտարարություններին, թե ընդդիմադիրները բռնության կոչեր են անում՝ Զոհրաբյանն ասաց. «Տիկին Լենա Նազարյան, ԲՀԿ պատգամավորներին մեղադրում եք անօրինանություններ կատարելու մեջ։ Տիկին Նազարյան, դուք կին եք, մայր եք, ձեր ֆեյսբուքյան էջում դու կիսվել եք բոլոր այն բանդաների լայվերը, որտեղ ամենախուլիգան բռնության կոչերն են անում, ու հայհոյանքներ հնչեցնում ընդդիմության հասցեին։ Դուք ասում եք՝ մենք ենք բռնության կոչեր անո՞ւմ։ Նիկոլ Փաշինյան, ես կվերադարձնեմ քո դուխին, քո կոնյակը, հեռացիր, որպեսզի կարողանանք նոր բանակցողով փրկել այն ինչը մատաղ արեցիր թուրքերին»։