Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին

Մինսկի խումբը պետք է շրջանակ հանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործողությունների համար: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը հայտարարել է Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, տեղեկացնում է news.am-ը:

«ԱՄՆ-ը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն է: Հենց այս շրջանակներում էլ պետք է իրավիճակը կարգավորել»,- ասել է Պոմպեոն:

Միաժամանակ նա հատկապես նշել է, որ ԱՄՆ-ը «մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»: «Մենք այդպիսի մտահոգություն ենք հայտնել ինչպես անձնական հանդիպումների մակարդակում, այնպես էլ հրապարակավ: Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է միասին ձգտեն համոզել Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Նախագահ Մակրոնի հետ միասին մենք երկար քննարկեցինք Թուրքիայի վերջին գործողությունները եւ համաձայնության եկանք այն հարցում, որ դրանք շատ ագրեսիվ բնույթ են կրում՝ լինի դա Ադրբեջանին նրա աջակցությունը, թե սիրիական ուժերի տեղակայումը տարածաշրջանում: Մենք քննարկեցինք նաեւ Թուրքիայի գործողությունները Լիբիայում, որտեղ այս երկիրը նաեւ նպաստել է երրորդ երկրների կազմավորումների տեղակայմանը: Քննարկվեցին նաեւ Թուրքիայի գործողությունները արեւելյան Միջերկրական ծովում, եւ այս ցուցակը կարելի է շարունակել»,- ասել է Պոմպեոն:

«ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այդ հակամարտությունների ինտերնացիոնալացումը կործանարար է եւ վնասում է բոլոր առնչվող երկրներին»,- հավելել է նա: «Հենց այդ պատճառով մենք դիմել ենք բոլոր պետություններին` խնդրելով դադարեցնել միջամտությունը Լիբիայում՝ խոսքը լինի Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլոց մասին: Նույնը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը:

Please enter a valid URL