ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, որ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանին փորձել են հրավիրել Ազգային ժողով։
Ըստ Քոչարյանի՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրել է իրեն կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ, հրավիրել լսումների։ «Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրեց, որ չի կարողանում կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ ու հրավիրել լսումների։ Ես ասացի, որ դա կանեմ: Դրանից հետո ես զանգում եմ տեղակալ Բալայանին, հայտնում, որ Լենա Նազարյանը չի գտնում Տոնոյանին: Բալայանը գտավ Տոնոյանին, ու նա զանգեց ինձ: Ասաց՝ պարոն Քոչարյան, Դուք իմ տեղակալին ասել եք, որ փնտրում եք, ես թաքնված եմ։ Ես ասացի՝ նախ ձայնդ մի բարձրացրու ու մի մոռացիր, թե ում հետ ես խոսում: Երկրորդը՝ ձեզ ԱԺ նախագահի պաշտոնակատարն է փնտրում ու չի գտնում, բարի եղեք կապ հաստատել: Հետո կապը հաստատում են, տիկին Նազարյանին ասել է, որ չի կարող գալ: Բայց այսօր անհասկանալի համազգեստով եկավ: Ես դրա անունը դրել եմ ձկնորսի համազգեստ»,- հայտարարեց Քոչարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ինքը հավակնո՞ւմ է պաշտպանության նախարարի պաշտոնին։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Երբ պարոն Քոչարյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր, պարոն Դավիթ Տոնոյանն այն ժամանակ հատուկ անվտանգության համակարգում ախրանիկ էր աշխատում պարոն Քոչարյանի ենթակայության տակ գտնվող գնդապետի մոտ։ Եթե այն ժամանակ չեմ հավակնել․․․»։