Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսային շփումների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում իրադրությունը բավականին հանգիստ է:
Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը, գտնվում են քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա կարևորել է այդ սրբությունների պահպանությունն ու եկեղեցական բնականոն կենսագործունեության ապահովումը։ Ադրբեջանի նախագահն այդ առումով ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ տեսանկյունից է գործելու ադրբեջանական կողմը։