Միքայել Մինասյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«4750
Նիկոլ Փաշինյանը չի հարգում և երբեք չի հարգել մահը։
Նիկոլն ամեն ինչ արեց, որ պատերազմի զոհերը չունենան «դեմք»։ Նիկոլն արգելեց տեսանկարահանել մեր զոհված հերոսների հուղարկավորությունները, որ «հաղթանակի» մասին ստերով կերակրվող հանրությունը չընկալի ողբերգության ծավալները, ռազմական գործողությունների աշխարհագրությունը, իր հրամանով մսաղացի մեջ հայտնված մեր եղբայրների դառը ճակատագիրը, սխրանք գործած զինվորների անձնազոհությունը:
Նիկոլը հերոսների մահը վերածեց անդեմ և խիստ ժլատ ցուցակների՝ ամեն օր հրապարակելով մի քանի տասնյակ անուն։ Արդյունքում մենք կորցրինք մահի ընկալման սրությունը, մենք կորցրինք մեր զինվորների անձնազոհության խորությունը, մենք չհասկացանք, թե ինչ գին էինք վճարում պատերազմի ամեն օրվա համար։
Առաջին իսկ օրվանից սկսվեց մահերի իրական թվերը թաքցնելու ամոթալի և սոսկալի գործընթաց։ Այս օպերացիան ղեկավարում էին անձամբ Նիկոլը՝ Հայաստանում, և նրա կինը՝ Արցախում։
Դուք հավանաբար չգիտեք, որ մինչև օրս Գորիսի, Սիսիանի, Վանաձորի, Գյումրիի, Էջմիածնի ու Երևանի դիահերձականներում տեղ չկա։ Պատերազմի առաջին օրերից զինվորների մարմինները պահվել են անգամ Աբովյանի՝ կորոնավիրուսային մահերի համար նախատեսված դիահերձարանում։ Այդ սգո շենքերի դիմաց որդեկորույս ծնողների չնոսրացող հերթեր են, որոնք շուրջ երկու ամիս է՝ սպասում են իրենց զավակների աճյուններին։ Հայրերը նույնիսկ կաշառք են խոստանում հերթն առաջ գցելու համար, որ օր առաջ իրենց զավակի մասունքը հանձնեն հողին։ Իսկ սգավոր մայրերը սփոփվում են, երբ իրենց որդիների մարմիններն են ստանում են՝ զավակը գերեզման կունենա։
Եվ սա տեղի է ունենում 21-րդ դարի ինֆորմացիոն Հայաստանում, որտեղ թվում էր՝ անհնար է որևէ բան գաղտնի պահել։ Պարզվում է՝ հենց այդ նույն Հայաստանում կարելի է բացահայտ ստել, զոհված տղերքի դիերը օրեր շարունակ սառնարաններում թաքցնել, քանի որ ըստ Նիկոլի ու Աննայի սահմանած ժամանակացույցի՝ օրական միջինում 30, 40 զոհի անուն է թույլատրված հարապարակել։
Մինչև օրս չկա պատերազմի զոհերի վերջնական թիվ: Իրականում կա, բայց չի հրապարակվել։
Իսկ փաստն այն է, որ 5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով՝ ունենք.
2250 զոհված և հերձված
1400 զոհված և դեռևս չհերձված
1100 անհետ կորած։
4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին։
4750 անուն, ազգանուն և ճակատագիր։
4750 դժբախտացած ընտանիք։
4750 մարած լույս։
4750 չիրականացած երազանք։
4750-ը թիվ չէ, մեր միսն ու արյունն է։ Մի ամբողջ սերունդ է։ Մի մեծ քաղաք է։ Մի մեծ բանակ է։
Այս մղձավանջի պատասխանատուներն այնքան էին լկտիացել, որ պատերազմի վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդհանրապես դադարել էին զոհերի անուններ հրապարակել։ Չեն թույլատրել տեսանկարահանել ոչ մի զոհի հուղարկավորություն: Սա է իրականությունը:
Հիմա բոլորս ունենք երկու անելիք՝ վառ պահել հերոսների հիշատակն ու ամեն ինչ անել նրանց սրբազան գործն ավարտին հասցնելու համար:
Այսօր երեկոյան ժամը 6-ին՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ, որտեղ ի հիշատակ մեր նահատակների մոմավառություն է լինելու։ Ազգային այս մոմավառությանը մասնակից դառնալը յուրաքանչյուր հայի պարտքն է՝ ի հիշատակ տղերքի և ի երախտիք նրանց որբացած երեխաների ու որդեկորույս ծնողների։
Նրանք առյուծ տղերք էին, որ զոհվեցին հանուն հայրենիքի։ Զոհվեցին իրենց հողի համար, որը մի ապիկար խելագար որոշեց գրիչի ընդամենը մեկ հարվածով հանձնել թշնամուն։
Լույս ձեր շիրիմներին, տղե՛րք:
Անիծվե՜ք դուք՝ սրբապի՜ղծ ստահակների ոհմակ: