Search
Close this search box.

Բաքվում ճամպրուկներն են պատրաստում, իսկ Արայիկ Հարությունյանը տուն է կանչում արցախցիներին

Երեկ կեսօրից արդեն հնարավոր չէր սովորական բջջային համարով զանգեր կատարել Արցախ, որտեղ երեկվանից ռուսական ռազմական տեխնիկա եւ ռուս խաղաղապահներ են մտել։ Նոյեմբերի 11-ի դրությամբ այնտեղ շուրջ 400 ռուս խաղաղապահ կար՝ սպասվող 2 հազարի կազմից։

Երեկ ռուսական հեռուստատեսությունը ցույց էր տալիս, թե ինչ ուրախությամբ են 7 շրջաններում նախկինում բնակվա՛ ադրբեջանցիները Բաքվում ճամպրուկները պատրաստում՝ իրենց նախկին տները վերադառնալու, մերոնց մի մասն էլ, մարդատար ավտոմեքենաների մեջ իրենց ունցվածքը բարձած, տեղափոխվում է Հայաստան։

Ղարաբաղցիների մի մասն էլ նախօրեին Ազատության հրապարակում, մյուս օրը Մատենադարանի մոտ էր։ Կանանց մի մասն անընդմեջ արտասվում էր, պահանջում իր հայրենիքն ու տունը։ Տեսարանը տխուր էր, եւ պատահական չէ, որ հանրահավաք բերված ոստիկանների նյարդերն անգամ տեղի էին տալիս, փախցնում էին աչքերը արտասվող արցախցի կանանցից։

Նման հույզերն ու զգացմունքները, բնականաբար, իշխանությունների սրտով չեն։ Նախ, որովհետեւ արցախցիների ներկայության դեպքում չեն կարող ասել, թե հրապարակում ծեծելու մոլուցքը 2․5 տարի հագուրդ չտված նախկիններ են, որոնք ռեւանշ են ուզում․ սրանք ռեալ՝ տուն, հայրենիք, հարազատներ, ամուսիններ ու հարազատներ կորցրած արցախցիներ են։

Բնականաբար, նրանց պետք է ամեն գնով հեռացնել Երեւանից։ Եվ, ահա, օգնության է գալիս Արայիկ Հարությունյանը՝ իր կոչով։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։ Հարցն ուղղում ենք քաղաքագետ Արմեն Բադալյանին։ Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը մեկ՝ պոպուլիստական խնդիր է լուծում։

«Բայց դա անիմաստ նպատակ է, որովհետեւ այդ ղարաբաղցիները, որոնք մասնակցում են ժամը 17-ի հանրահավաքին, հաստատ Արայիկ Հարությունյանին չեն լսելու։ Ավելին՝ նույն ձեւի թշնամական վերաբերմունք ունեն Հարությունյանի նկատմամբ, ինչ Հայաստանի ղեկավարության։ Եվ հաստատ Արայիկ Հարությունյանի կոչով չէ, որ կմասնակցեն կամ չեն մասնակցի։ Ավելին, նման կոչերը, որպես կանոն, բացասական դեր են կատարում, մարդիկ ավելի շատ են գնում մասնակցելու։ Ի հակառակ»,- ասում է Արմեն Բադալյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե կմնա՞ն, կվերադառնա՞ն, ապա Արմեն Բադալյանն ասում է․ «Մի բան հասկանանք՝ Շուշիում հայ չի ապրելու, որովհետեւ դա Ադրբեջան է, Հադրութում հայ չի ապրելու, որովհետեւ դա Ադրբեջան է։ Մնացած տարածքներում գուցե հայերն ապրեն։ Հավանաբար, խոսքն այդ տարածքներից վերադարձած հայերի մասին է։ Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի, Ասկերան եւ հարակից շրջանների գյուղեր։ Իսկ Հադրութ, Շուշի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ տարածքներ հայերը չեն վերադառալու, որովհետեւ ադրբեջանցիները դա թույլ չեն տա»։

Քաղաքագետը մեկնաբանում է՝ եռակողմ հայտարարության 9 կետերում նշված «փախստականների վերադարձ»-ի տակ պետք է հասկանալ նաեւ ադրբեջանցիների վերադարձ նախկին ԼՂԻՄ-ի տարածք։ Իսկ դա միայն Շուշին ու Հադրութը չեն, ուր հայերը չեն վերադառնա, դա նաեւ Ստեփանակերտի նախկին ադրբեջանաբնակ Կրկժան թաղամասը, Խոջալուն է, մնացած գյուղերը, ուր ադրբեջանցիները կվերադառնան։

«Զոռով կտանեն, ուզելով, թե չուզելով։ Իսկ դա նշանակում է, որ Ստեփանակերտում արդեն պետք է լինի Ադրբեջանի ոստիկանություն, Ադրբեջանի վարչական իշխանություն, այնտեղ պետք է լինի ադրբեջանական մանաթը»,-ավելացրեց Արմեն Բադալյանը։

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության հայտնի 9 կետերին, ապա նա ասում է՝ գոնե Հայաստանի համար մի քիչ ավելի դրական լուծումներ լինեին։ «Այսքան զոհեր, որոնք ստացվեցին, որ անիմաստ զոհեր էին, եւ նախկին ԼՂԻՄ-ի 2 շրջանի վերադարձն Ադրբեջանի կազմ։ Ադրբեջանն ասել է՝ Լեռնային Ղարաբաղը որեւէ վարչական կառուցվածք չի ունենալու, լինելու է մշակութային ինքնավարություն։ Եվ շատ շուտով այնտեղ վերադառնալու են ադրբեջանցիներ՝ Շուշի, Հադրութ, Ադրբեջանը կասի, թե հայերը կարող են վերադառնալ Հադրութ, բայց հայերը չեն վերադառնա, որովետեւ այնտեղ ադրբեջանական իշխանություն է։ Եվ Ադրբեջանի ոստիկանների ներքո ու թեկուզ խաղաղապահների առկայությամբ հայերն այնտեղ չեն ապրելու։ Նաեւ այս 4․5 տարիներին Ադրբեջանն անելու է ամեն ինչ, որպեսզի փոխի էթնիկ կազմը․ իրեն էլ ձեռք չի տալիս խաղաղապահ զորքի երկարատեւ այնտեղ գտնվելը։ Իսկ դրանով ինքը հանում է խաղաղապահների այնտեղ գտնվելու անհրաժեշտությունը»,- ավելացրեց նա։

Որպես ամփոփում՝ քաղտեխնոլոգն ասաց․ «Իհարկե, սա շատ մեծ հարված էր հայ հասարակությանը, Հայաստանին, բայց մահացու չէր։ Մեր հայ ժողովուրդը 5 հազար տարվա ընթացքում շատ ավելի ծանր հարվածների տակից է դուրս եկել։ Սրա տակից էլ դուրս կգա, ուղղակի իզուր տեղը 30 տարի կորցրինք»։

 

Սկզբնաղբյուր՝ hraparak.am

Please enter a valid URL