ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, հայտարարել էր ՌԴ նախագահի խոսնակը։
Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արձագանքել են Պուտին-Ալիեւ-Փաշինյան հայտարարությանը, որը վերաբերում է պատերազմի դադարեցմանը եւ հայկական ուժերի դուրսբերմանը մի քանի շրջաններից:
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների եւ ծրագրերի մասին, երբ այն կայանա։ Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության վերջը, բայց առայժմ չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Այն, թե ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանց», հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանները՝ նշելով, որ տևական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը:
Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ «Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»:
Ֆրանսիան ի գիտություն է ընդունել պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարությունը և ուսումնասիրում է դրա պայմաններն ու հետևանքները, և, նախարարի խոսքով, ակնկալվում են պարզաբանումներ դրանց ազդեցությունը գնահատելու համար:
«Մարտերի դադարեցումը կարևոր է: Կողմերը մի քանի անգամ ստանձնել են այս պարտավորությունը վերջին շաբաթների ընթացքում, և մենք հավատարիմ ենք այդ առաջնահերթությանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և անմիջապես վերջ կդնի իր հարձակմանը: Այս համատեքստում մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել ոչինչ, ինչը հակասում է այս հիմնական գերակայությանը», ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Նոյեմբերի 9-ի գիշերը ձեռքբերված այդ եռակողմ հայտարարությունն ըստ էության պարտադիր ուժ չունի, միաժամանակ չունի իրավական հիմք, նշում են մասնագետները: Ըստ էության, դրանք հակասում են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ այս երկու երկրների միջազգային ճանաչման պայմաններին: Առավել եւս, որ եռակողմ այս համաձայնությունը խաղից դուրս է դնում Մինսկի խմբին, ի դեմս տվյալ պրագայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի:
Այս առումով, խնդիրների առաջ է նաեւ Ռուսաստանը, որը կարող է ճանաչվել «օկուպանտ», որքան էլ նրա զինված ստորաբաժանումների մուտքը Ղարաբաղ տեղի ունենա եռակողմ համաձայնությամբ ու խաղաղարարների անվան տակ: Ռուսաստանն այս իրողությանն արդեն բախվել է այլ տարածաշրջաններում:
Հայաստանը հնարավորություն ունի կանխել Ղարաբաղում մեղմ ասած վտանգավոր զարգացումները: Դրա համար անհրաժեշտ են նախեւառաջ իշխանության, խորհրդարանի, քաղաքական դասի՝ ազգային շահից բխող քայլեր, անկախ արտաքին ու ներքին կողմնորոշումներից, վերջ դնելով ներկայիս պարզամիտ բալագանին ու ռազբորկաներին: Մոսկովյան հայտարարությունը միայն Ղարաբաղի խնդիրը չէ, այլ՝ Հայաստանի սուբյեկտության, անվտանգության հարցը: Իրավունքն ամենամեծ ուժն է, Հայաստանը պետք է կառչի դրանից, ինչը հուշում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Դա օգնություն է նաեւ Ռուսաստանին, որը եռակողմ համաձայնությամբ ստորագրել է նախեւառաջ իր կապիտուլյացիան: