ՌԴ պաշտպանության նախարարությունը ՏԱՍՍ գործակալությանն է տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները:
Համաձայն քարտեզների` այս տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների ՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնց վրա տեղակայված կլինի 16 դիտակետ: Խաղաղապահները պարեկություն են իրականացնելու երկու երթուղիներով: Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող Լաչինի միջանցքի տարածքում նախատեսվում է տեղադրել 6 ժամանակավոր դիտակետ:
Նախատեսվում է մոտոհրաձգային գումարտակների տեղակայում Ստեփանակերտում և Մարտակերտում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի կազմում կլինեն 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, զորախմբի հիմքը լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանումը վերահսկելու համար շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով կստեղծվեն ռուսական դիտակետեր: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայված կլինի Ստեփանակերտի շրջանում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա: