Search
Close this search box.

Փակ զեկույց՝ հայ զինծառայողների և ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի վայրագությունների մասին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ:

Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին:

Երրորդ զեկույցում ներկայացված են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ չնայած նախորդ երկու զեկույցներում բավարար ապացույցներ են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը պատշաճորեն չի արձագանքել և դատապարտել դրանք: Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագությունները Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Please enter a valid URL