«Փաստ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքից զինյալներ են ներգրավված Արցախյան պատերազմում, իսկ դրանց թիվն արդեն հասել է 2000-ի, արհեստածին ադրբեջանական պետության ղեկավարն ընկավ հերթական հիստերիայի մեջ՝ փորձելով նորից ապարդյուն ջանքեր գործադրել՝ ակնհայտը հերքել, իսկ Ռուսաստանին մեղադրել կողմնակալության մեջ:
Այնինչ, սա առաջին դեպքը չէ. փաստն այն է, որ ոչ միայն միջազգային ԶԼՄ-ներ, այլեւ տարբեր երկրներ նույնիսկ պաշտոնական մակարդակով են արդեն հաստատել, որ Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջանի կողմից կռվելու: Ալիեւի հերթական նոպան այնքան անհեթեթ էր, որ նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ում էին ապշել:
«Ճիշտն ասած, մենք այնքան էլ լավ չենք հասկանում Ալիեւի զգացմունքային արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը», — ՏԱՍՍ գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը՝ հեգնելով, թե «միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութ կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:
Սակայն ամեն ինչ դրանով չավարտվեց: Երեկ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ընդգծել է, որ ճշգրիտ տվյալներ կան Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արեւելքից, առաջին հերթին՝ Սիրիայից ահաբեկիչների ներկայության մասին:
«Այդ տվյալները մենք ստացել ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից, մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արեւելքի ու Միջինի Արեւելքի գործընկեր հատուկ ծառայություններից»,-ասել է նա:
Ըստ էության, ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կռվող բազմաթիվ վարձկան ահաբեկիչների գոյության փաստն այլեւս անհերքելի է դառնում աշխարհի համար: Ըստ փորձագետների, հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի, հատկապես այդ երկրների ղեկավարների նկատմամբ կհետեւեն կտրուկ ճնշումներ՝ որպես ահաբեկչական նոր օջախ ստեղծողներ եւ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի համար նոր սպառնալիքներ ձեւավորողներ:
Ի դեպ, պատահական չէ, որ մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ իսլամիստ վարձկանների ներմուծումը Արցախյան հակամարտության գոտի ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ է»: