Պատերազմի առաջին իսկ օրվանից, որպես կամավորական մեկնել եմ Արցախ՝ իմ մասնագիտական գիտելիքներով հայրենիքիս ծառայելու համար, որտեղ տեսել եմ մեր ազգի միասնականությունն ու մեծ ուժը: Որպես բժիշկ ցանկացել եմ օգնել մեր քաջ զինվորներին, փրկել կյանքեր և վիրահատարանում օր ու գիշեր աշխատելով մոտեցնել մեր հաղթանակը: Այս մասին armlife.am-ի հետ զրույցում նշեց Սևանի ԲԿ-ի և Շենգավիթ ԲԿ-ի վիրաբույժ Տիգրան Նահապետյանը:
«Օրեր են եղել, երբ բարդ վիրահատություններ ենք իրականացրել թշնամու անդադար հրետակոծությունների տակ: Թշնամին բազմաթիվ անգամ հարվածել է Մարտակերտի հոսպիտալին»,-նշեց նա:
«Այնտեղ տեսել եմ ամենասարսափելի բանը՝ պատերազմը ու ամենահզոր բանը՝ ազգի միասնականությունն ու ուժը»,-շեշտեց բժիշկ Նահապետյանը:
Նրա խոսքով, պատերազմական պայմաններում բժշկական օգնությունը տարբերվում է քաղաքացիական հիվանդանոցում մատուցվող ծառայություններից՝ հոսպիտալում բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում, թշնամու կրակի ներքո, իրականացնելով բարդ վիրահատություններ:
Խոսելով իր բժիշկ կոլեգաների մասին Նահապետյանը նշեց, որ նրանք իսկական հերոսներ են՝ վտանգելով սեփական կյանքը նրանք բազմաթիվ զինվորների կյանքեր են փրկել ու շարունակելու են օգնել հայրենիքին:
«Ես մնալու եմ Արցախում այնքան ժամանակ, ինչքան պահանջվի՝ զինվորների կողքին ենք եղել պատերազմի առաջին օրվանից և չենք պատրաստվում լքել մեր մարտական դիրքերը: Զինվորները պաշտպանում են առաջնագիծը, իսկ մեր պարտքն է ամուր պահել նրանց թիկունքն ու հոգալ նրանց առողջության մասին: Ականջալուր մի եղեք թերահավատներին: Ես վստահ եմ՝ հաղթելու ենք»,- հավելեց նա: