Search
Close this search box.

Թուրքիան ստուգում է Թեհրանի վճռականությունը

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, եւ արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք:

Իրանցի տարբեր պաշտոնյաներ անցնող օրերին հայտարարում էին, որ չեն ների անգամ սխալը կամ վրիպումը: Հետեւաբար առաջանում է հարց՝ ի՞նչ է անելու Իրանը:

Հարցին թերեւս հնարավոր է պատասխանել հարցով՝ իսկ ի՞նչ կարող է անել Իրանը: Թեհրանը ռազմական ստորաբաժանումներ է մոտեցրել Ադրբեջանի եւ Նախիջեւանի սահմանակից շրջաններ, այդ թվում հարձակողական ստորաբաժանումներ: Թեհրանն այդպիսով թերեւս հստակ ցույց տվեց, որ Հայաստանի ու Իրանի ցամաքային կապը կտրելու հնարավոր ռազմական արկածախնդրությունը կդիտարկի սպառնալիք նաեւ իր անվտանգությանը, հայտարարելով, թե թույլ չի տա աշխարհքաղաքական փոփոխություն սահմաններին:

Դա իհարկե Թեհրանի կարեւոր դիրքորոշում է, սակայն ինչպես երեւում է՝ ոչ բավարար: Որովհետեւ Իրանի հյուսիսային սահմանին ադրբեջանցիները, կամ ավելի շուտ Թուրքիան, ակնհայտորեն շոշափում է Թեհրանի համբերության սահմանն ու ռազմա-քաղաքական վճռականության աստիճանը: Դա Արցախի դեմ Անկարայի սանձազերծած ահաբեկչական պատերազմի հարակից, բայց էական նպատակներից մեկն է:

Իրանը թուրքական ռազմավարության առանցքային թիրախներից է, որի ժամանակը կամ հերթը գալու է: Ներկայում Անկարան փորձում է անել «չափագրումներ»: Իրանն առայժմ անում է միայն հայտարարություններ: Զուգահեռ, տեղի են ունենում իհարկե նաեւ վարժանքներ, տարբեր զորատեսակների: Բայց, եթե օրինակ այդ վարժանքների ընթացքում իրանական մի քանի հթրիռ հարվածեն ադրբեջանական զինուժին՝ պատահաբար, կամ օդանավերին, որոնք թռչում են Իրանի սահմանի մոտ եւ հաճախ անգամ շատ սերտ շոշափում այն, ապա դա կլինի ռազմա-քաղաքական վճռականության դրսեւորում:

Հակառակ դեպքում, համենայն դեպս առայժմ Թեհրանը Թուրքիայի ագրեսիային ի պատասխան, փորձում է ներկայացնել դիվանագիտական նախաձեռնություն, որն ունի Անկարայի ռեգիոնալ արկածախնդրությունը լեգիտիմացնելու տրամաբանություն:

Իրանն անշուշտ մտահոգ է ռեգիոնալ ռազմա-քաղաքական վերադասավորումների լայնահուն գործընթացով, որն ուղեկցվում է պատերազմի եւ դիվանագիտության ինտենսիվ ծավալումով, ինչպես նաեւ գործընթացում լուսանցքում չհայտնվելու խնդրով: Բայց Թեհրանը ունի թերեւս լուսանցքում չհայտնվելու մի տարբերակ, այդ հարցում մեկ հուսալի եւ վստահելի գործընկեր՝ Հայաստան:

Lragir.am

Please enter a valid URL