«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, նոյեմբերի 1-ին պատասխանելով հարցին՝ նախատեսվում են արդյոք ռուս-հայկական խորհրդակցություններ Հայաստանին օգնության վերաբերյալ, ասել է, թե 1997 թվականի համաձայնագրով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվում են։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել. «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ Հայաստանի վարչապետը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»։
Մի քանի ժամ անց պատասխանել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ Ռուսաստանը կկատարի ստանձնած բոլոր պարտավորությունները եւ անհրաժեշտ օգնություն կտրամադրի Հայաստանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։
Իսկ, օրինակ, «ԽՏՎՎպՐրՈվՑՖ»ը ղարաբաղյան պատերազմի մասին հերթական ծավալուն հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանին օգնության համար դիմելը Մոսկվային դրել են չափազանց դժվար ընտրության առաջ։ Ռուսաստանի նախագահի քաղաքական հարցերով նախկին խորհրդական Սերգեյ Ստանկեւիչը գրում է. «Մոսկվայի համար անընդունելի է ներքաշվել Ադրբեջանի եւ նրա թիկունքին կանգնած Թուրքիայի դեմ Ղարաբաղի շուրջ վեճի մեջ։ Մոսկվան բոլոր հիմքերն ունի մերժելու Երեւանի՝ ուղղակի ռազմական օգնության պահանջը՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ»։ Իսկ, օրինակ, փորձագետ Անդրեյ Կորտունովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց. «Մոսկվան չի կարող թույլ տալ, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության տակից. նման սցենարը վատ օրինակ կլիներ հետխորհրդային տարածքում այլ դաշնակիցների հետ հարաբերությունների համար: Ռուսաստանը պետք է դիտարկի Երեւանին օգնելու տարբերակները՝ ներառյալ սպառազինությունների մատակարարումները»:
Նկատենք՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր դիմել ՌԴ-ին՝ նաեւ հղում անելով այլ պայմանագրերի վրա, սակայն նախընտրել է առավել սահմանափակ աջակցության համար դիմել, իսկ ՌԴ ԱԳՆ արձագանքն էլ այդ պայմանագրին համահունչ էր։ Խոսքը, օրինակ, «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին» համաձայնագրի մասին է, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ստեղծում՝ տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:
Ընդ որում՝ այդ համաձայնագիրը նախատեսում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կազմավորվում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմինը»: