Search
Close this search box.

Անհապաղ խորհրդակցություն. Մոսկվան կանցնի՞ սահմանը

Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը մեր սկզբունքային դիրքորոշումն է, իսկ Հայաստանի վարչապետի նամակի առիթով դետալները կքննարկվեն հետագա գործընթացում, հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան: Հայաստանում աշխուժորեն քննարկվում է ՌԴ նախագահ Պուտինին վարչապետ Փաշինյանի նամակի տեղեկությունը, եւ դրան ՌԴ ԱԳՆ առաջին արձագանքը: Այդ արձագանքում նշվում է, որ Մոսկվան հայ-ռուսական դաշնակցային պայմանագրին հավատարիմ՝ կհատկացնի աջակցության անհրաժեշտ ամբողջ ծավալը, եթե մարտական գործողությունները ծավալվեն Հայաստանի տարածքում:

Այդ հանգամանքը առաջացրել է բուռն քննարկումներ: Հարցն այն է, որ ՌԴ ԱԳՆ արձագանքն ընդհանուր է եւ նախնական, ինչպես փաստել է Զախարովան: Որովհետեւ Հայաստանի վարչապետի նամակը, որ գրվել է հայ-ռուսական դաշնակցային պայմանագրին հղումով, ըստ պայմանագրի ենթադրում է այն «անհապաղ խորհրդակցությունը», որի ընթացքում պետք է որոշվի աջակցության անհրաժեշտ տեսակն ու ծավալը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքի շեշտմանը, ապա այստեղ անշուշտ ամեն ինչ սպասելի տրամաբանության շրջանակում է: Պայմանագիրը առնչվում է Հայաստանի սահմանին, Հայաստանի տարածքին, իսկ Արցախը ՌԴ համար Հայաստանի դե յուրե ճանաչված տարածք չէ: Հետեւաբար Ռուսաստանն այդ հարցում ոչ թե դաշնակցի, այլ «հավասարակշռված միջնորդի» դերում է:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ իրական քաղաքականությունն անշուշտ չափվում է «սահմանային» այլ գնահատումներով: Օրինակ, այդ գնահատումով, Թուրքիան խախտել է ՌԴ սահմանը, մուտք գործելով նրա կենսական շահերի գոտի: Ռուսաստանը դա անշուշտ հիանալի հասկանում ու գնահատում է, բայց ներկայում չունի համարժեք քաղաքական պատասխան եւ չի ուզում բախվել Թուրքիայի հետ: Բայց, մինչ Ռուսաստանը փորձում է պահել «հավասարակշռությունը», Թուրքիան արդեն հասել է Ռուսաստանի պետական սահմանին:

Այդ իմաստով, արդյոք Հայաստանի վարչապետի նամակը, որը թերեւս գրվել է ոչ առանց նախնական համաձայնեցման, իր մեջ պարունակում է նաեւ քաղաքական ազդակ առ այն, որ Ռուսաստանն էլ կարող է «հավասարակշռված միջնորդից» անցնել «դաշնակցային» բալանսի: Ու թեեւ այստեղ խոսքը դե յուրե Հայաստանի տարածքի մասին է, այդուհանդերձ ռազմական եւ ռազմա-քաղաքական իմաստով այդ հասկացությունը կարող է Մոսկվային տալ իրավիճակի վրա ազդելու շատ ավելի լայն հնարավորություն, քան Հայաստանի սահմանը՝ ֆորմալ իմաստով մնալով Հայաստանի Հանրապետության հանդեպ դաշնակցային պարտավորության սահմանում:

Կանի՞ դա Ռուսաստանը, թե ոչ՝ կերեւա «անհապաղ խորհրդակցությունների» ընթացքից։ Սակայն ժամանակը չի սպասում, եւ Ռուսաստանն այլեւս չի կարող վերադարձնել այն, ինչի հույսը դեռ ունի, եւ կարող է կորցնել շատ ավելին:

lragir.am

Please enter a valid URL