Կարեւոր է հարցը, որ գուցե Հայաստանն է մեղավոր իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հերթական ձախողված հրադադարին:
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն: Այդ ճկունության ընթացքում եկել ենք համոզման, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ւզում է Ղարաբաղի կապիտուլյացիա: Ընդ որում, այս պահանջը ոչ միայն այսօրվա, այլ պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանաջրկ է: Այսինքն, այնտեղ, որտեղ մենք որեւէ ճկունություն ենք ցուցաբերել, տեսական կամ գործնական մակարդակի, դա ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար: Եթե մենք որեւ բանի համաձայնել ենք, դա արդեն ընդունվելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետեւ նրանք ցանկացել են ավելին: Ադրբեջանը հիմա առավել եւս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,-ասաց Փաշինյանը:
«Ես հիմա ուզում եմ, որ մենք պատասխանել մի հարցի. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է դրան: Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, եւ հայ ժողովուրդը պատրաստ է, որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու եւ իր իրավունքները պաշտպանելու:
Հաշվի առնելով նաեւ մեզնից ակնկալվող միջազգային ճկունությունը, մենք պետք է այնուամենայնիվ ուժ ունենանք գործել մեր շահերի եզրագծին, մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի:
Հետեւաբար պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել: Մենք պետք է կարողանանք գտնել ռեսուրսներ, որպեսզի իրավիճակը կարողանանք դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը այլեւս լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը: Սա է ամենակարեւոր պրոբլեմը, որը թույլ չի տվել լուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանը պատրաստ չի եղել, հիմա առավելեւս պատրաստ չէ փոխզիջումների: Ադրբեջանին փոխզիջումների հակելու համար մենք պետք է մեր բոլոր ռեսուրսները կենտրոնացնել»,-հայտարարեց ՀՀ վարչապետը: