Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին

Երևանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-նշեց Մանե Գևորգյանը:

Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում:

«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,-ընդգծեց Մանե Գևորգյանը:

Please enter a valid URL