Կանադական Bombardier Recreational Products- ը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է CBC-ն:
Կանադական ընկերությունը նշել է, որ միայն վերջերս է իմացել, որ շարժիչներն օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերի համար:
Bombardier Recreational Products- ը հայտնել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների առաքումը «անհասկանալի գործածությամբ երկրներ» այն լուրերի ֆոնին, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք էլ Ադրբեջանի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվում:
Քվեբեկում տեղակայված ընկերությունն ասել է, որ անցյալ շաբաթվա վերջին է իմացել, որ ավստրիական իր դուստր ձեռնարկության ՝ Rotax- ի կողմից արտադրված՝ որոշ ավիաշարժիչներ օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վրա:
«Վերջերս մեզ տեղեկացրին, որ Rotax-ի որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում, և անմիջապես մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել: Միևնույն ժամանակ, մենք դադարեցնում ենք ավիաշարժիչների առաքումը անհասկանալի գործածությամբ երկրներ», — ասել է Bombardier Recreational Products-ի փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելիերը՝ Radio Canada-ին:
Լանգելիերն ասել է, որ Rotax-ի բոլոր շարժիչները նախագծված և արտադրված են Ավստրիայում բացառապես քաղաքացիական նպատակներով և սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար: