«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռեւս սպասում են պատասխանին:
ԱԺ աշխատակազմում եւս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու ինքնամեկուսացածներ կան: Երեկ, կարելի է ասել, նաեւ դրա պատճառով խորհրդարանը դատարկ էր, որեւէ աշխատանքային պրոցես չէր ընթանում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը խորհրդարանում տարածվեց նաեւ հունիսին. այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվել էին Ազգային ժողովի 5 պատգամավորներ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաեւ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանը:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գոռ Գեւորգյանից պարզել, թե այժմ ինչպես է իրեն զգում, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 560 մարդ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 474-ով` հասնելով 73 հազար 310-ի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում