Search
Close this search box.

ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն եւ, բնականաբար, կքննարկվի. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահը դիմում էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ գրել. «Դուք այն անհատականությունը եւ պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում եւ մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը՝ խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», – ասված էր նամակում:

Զատուլինը մեզ հետ զրույցում նկատեց՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված պետություն է, չնայած ընդգծում է՝ հենց ինքը վաղուց ճանաչել է այն: «Իհարկե, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ճանաչված պետության, մեր դաշնակից երկրի ղեկավարն է, իսկ Արցախը, միջազգայնորեն չճանաչված միավոր է:

Ճիշտ է՝ ինձ համար ես վաղուց ճանաչել եմ այն, բայց Ռուսաստանը, Հայաստանը եւ այլ պետություններ չեն ճանաչել այն: Եվ դա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում, որպեսզի ուղիղ պատասխան լինի: Իհարկե, այն կվերլուծվի, բայց ավել բան այս պահին ասել չեմ կարող»,- հավելեց նա: Օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ Զատուլինի մի հայտարարության մասին, որտեղ նա խոսում էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտության մասին դեսանտային գործողության միջոցով։

Անդրադառնալով այս արտահայտությանը՝ նա նկատեց. «Այն տարածվեց մի փոքր այլ կերպ: Ես, պատասխանելով լրագրողի հարցին, խոսել էի Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ուժեղացման մասին եւ ասել էի, որ այդ նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ օպերացիաներ, քանի որ Հայաստանն օդային հարձակումների է ենթարկվում»:

Հավելենք, որ երեկ ԱՄՆ-ում ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերին նախարարներն առանձնազրույցներ էին ունեցել արդեն պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե միջնորդի տեսքով ներգրավված է բանակցություններում, ապա հավելել, թե այսօրվա բանակցություններից հետո առաջընթաց կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL