Ըստ էության, մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելեւս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված.
«Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան պետք է իջեցնի:
Բայց պրակտիկան ցույց է տվել, եւ դա իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն իրենց ողջ դիվանագիտական մարտավարությունն ու ռազմավարությունը եղել է դա:
Այն ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում», ասել է Փաշինյանը: