Կանադայի վարչապետը և Թուրքիայի նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Կանադայի վարչապետը շեշտեց երկխոսության և դիվանագիտության միջոցով խաղաղության համապարփակ կարգավորման կարևորությունը՝ նշելով, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ջասթին Թրյուդոն խոր մտահոգություն հայտնեց զոհերի աճող թվի, խաղաղ բնակիչների մահվան և ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: Նա կոչ արեց Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, գրում է infoteka24.ru/-ն:
Ղեկավարները քննարկել են Կանադայի՝ Թուրքիա որոշակի ապրանքի արտահանումը կասեցնելու վերջին որոշումը՝ տարածաշրջանում շարունակվող մարտերի լույսի ներքո։ Խոսքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգտագործվող թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի պահեստամասերի մասին էր: Զրույցին ներկա էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որն ակտիվորեն փորձում էր հասնել Կանադայի կողմից պահեստամասերի մատակարարման արգելքի վերացմանը: Նկատենք, որ Կանադայում ուկրաինական մեծ համայնք կա, որը փորձում է ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի շարունակի աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումներին Լեռնային Ղարաբաղում: Դժբախտաբար, Ուկրաինան, չնայած Ռուսաստանի դիրքորոշմանը, այս հակամարտության մեջ որդեգրեց հստակ թուրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշում՝ պաշտպանական հակառուսական դաշինք կնքելով Անկարայի հետ: Զելենսկին խոսեց նաև Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների օրինականության մասին:
Այնուամենայնիվ, Կանադայի կառավարության ղեկավարն իր որոշման մեջ հաստատակամ է, և շեշտեց իր նվիրվածությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի հիմնական լծակը թուրքական անօդաչու թռչող սարքերի մասերի մատակարարման վերոհիշյալ արգելքն էր, որոնք սպառնում են խաղաղ բնակիչների անվտանգությանը Արցախի և Հայաստանի բնակավայրերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջասթին Թրյուդոն բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը կարողացել է կանադացի գործընկերոջը համոզել մատակարարումը դադարեցնելու անհրաժեշտության մեջ և կանխել հայերի դեմ տարվող թուրք-ադրբեջանական ագրեսիան: