Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Արաքսի ափամերձ շրջաններում՝ Իրանի հետ սահմանին, խոցվել է 1 ռազմական ինքնաթիռ, 2 անօդաչու թռչող սարք: Ըստ աղբյուրի՝ դեռ պարզ չէ՝ ո՞ւմ են պատկանում այդ օբյեկտները՝ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ կատաղի մարտեր են տեղի ունեցել Իրանի հետ սահմանի մոտ:
Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ չի կիրառում ավիացիա ու անօդաչու թռչող սարքեր, ինչից կարելի է ենթադրել, որ խոցված զինտեխնիկան ադրբեջանական է:
Հիշեցնենք, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին, հայտնում են ՊԲ-ից: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է: