Թուրքիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը հարթ չի ընթացել:
Հոկտեմբերի 13-ին Անկարայում կայացած բանակցություններից հետո Թուրքիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Մեվլութ Չավուշօղլուն եւ Էն Լինդեն հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում Չավուշօղլուն մեղադրանքներ է հնչեցրել գործընկերուհու հասցեին, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:
Երբ Էն Լինդեն Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայի հյուսիսից, Չավուշօղլուն արձագանքել է.
«Ի՞նչ իրավունքով եք դուք Թուրքիային կոչ անում հեռանալ Սիրիայից կամ զգուշացնում եք Թուրքիային: Եվ եթե այդքան զգայուն եք մարդու իրավունքների հանդեպ, ինչո՞ւ ոչ մի անգամ չեք քննադատում Հունաստանին»:
Չավուշօղլուն նաեւ կոչ է արել «մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի դասեր չտալ Թուրքիային»:
Ի պատասխան Շվեդիայի արտաքին գործերի նախարարն ասել է. «Ես ձեր հյուրն եմ, ուստի բանավեճի մեջ չեմ ներքաշվի»: Այնուհետեւ Էն Լինդեն ավելացրել է. «Հույս ունեմ, որ Թուրքիայում բոլոր մարդիկ հնարավորություն ունեն իրենց կարծիքները նույնքան ուղղակի արտահայտել, ինչպես դուք արեցիք»:
AP գործակալությունը նշում է, որ սա «նուրբ ակնարկ էր» Թուրքիայում խոսքի ազատության հետ առկա խնդիրների եւ բանտարկված լրագրողների մասին:
Չավուշօղլուն արձագանքել է նաեւ դրան՝ ասելով, որ «Թուրքիայում բոլորը կարող են արտահայտել իրենց տեսակետները, բայց մենք չունենք ձեր երկակի չափանիշները»:
Նյութի աղբյուր՝ Մեդիամաքս