Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Հայկ Սահակյանի մորեղբայրը՝ Արմեն Հովհաննիսյանը։
«Կարոտն ամեն օր ավելի է մեծանում, ինչքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է…սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է: Հույսը վերջում է մեռնում, անգամ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ… երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մեռնում…սպասումը՝ երբեք: Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս: Քո խենթ ու ազնիվ բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՜ մեր և թե՜ ընկերների կյանքում, որ ասելու չէ: Այդքան հոգատար մարդ դժվար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության: Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մոր օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր: Հայկը կատակասեր էր…անչափ կատակասեր: Անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Հայկը երբեք չէր սիրում դպրոցական դասերը, միշտ բողոքում էր, բայց ինչպիսի եռանդով էր կարդում գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին: Ինքնուրույն սովորեց վարժ հաղորդակցվել ռուսերենով և անգլերենով, սովորեց մաթեմատիկա ու ֆիզիկա: Ինքնուրույն ընդունվեց համալսարան: Ամենից շատ ուզում էր դառնալ ինժեներ: Ասեցինք,-Հայկ, գնա համալսարան, նոր բանակ կգնաս: Մերժեց, բա թե պարտք ունեմ կատարելու: Կատարեց հերոսաբար: Վերջին գրառումն էր բանակ գնալուց առաջ՝ Կմեռնեմ հանուն ձեզ:
Մենք բոլորս սպասում էինք նրա վերադարձին և նշանադրությանը: Հայկը հավերժ սիրահար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին: Հայկը եղբոր հետ պայմանվորվել էր. բա թե ես տղա կունենամ անունը Գևորգ կդնեմ, դու էլ տղուդ անունը՝ Հայկ: Գևորգս շուտով որդի կունենա:
Ի գիտություն բոլորիդ, Հայկը նվագում էր ջութակ և կանտրաբաս: Սիրուն երգում էր: Խաղում մյուզիքլներում: Համերգին էի գնացել: Ի˜նչ ազնվական տեսք ուներ տղաս բեմի վրա: Շատ խաղաղասեր էր զարմիկս ու իմաստուն: Այդպես էլ չհասկացա, թե ֆեմինիզմի մասին որտեղից էր կարդացել: Օհհհ, բայց կողմնակից էր… Իսկապես բաց էր աշխարհի հանդեպ ու այն ընդունում էր իր բոլոր գույներով: Չէր սիրում դատապարտել մարդկանց: Մշտապես հիշեցնում էր բոլորին, որ դատավոր չեն: Հայկը նաև աշխատասեր ու հասուն մարդ էր: Սիրելիի համար նվեր էր ուզել գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր կատարել:
Նայում եմ Ինստագրամի նկարները ու բացահայտում, որ իմ անհայտացած և հետո հայտնված շորերի ու վերնաշապիկների հեղինակը ինքն էր:
Տղա՛ս, ինչ ունեմ-չունեմ քեզ լինի, միայն ՔԵԶ, ՔԵԶ ու ՔԵԶ:
Եթե անկեղծ, մահը մշտապես է քայլել իր կողքով: Երկու անգամ փրկեցինք: Հայկս իր կյանքն հրաժեշտ տվեց նույնքան հատուկ, որքան որ ինքն է: Բոլորը կանչում էին Արև Տղա: Արև Տղան միակ թոռն էր, որ ոտքերը դնում էր պապու փորին ու ասում՝ Աշիկ, մասաժ արա: Լսվում էին ահահահահահա ծիծաղի ձայները: Հայկը միակ զարմիկս էր, որ գալիս էր ու ասում,- Քեռ,ես քեզնից սիրուն եմ չէէէ՞: Երկրպագուհիների բանակ ունեմ: Ու նորից լսվում էր ծիծաղի ձայներ:
Որդիս, նորից պիտի ասեմ ԴՈՒ քեռու համար ամենասիրուն բալեն ես: Հայկս խնայում էր իրեն տրված գումարը և բոլորիս նվեր գնում, Հայկն այն տղան էր, որը տանից ուտելիք էր վերցնում և կերակրում անտուններին ու սովածներին: Հայկս ամենաթեժ պահին խաղաղություն բերողն էր: Լուռ էր, հույզերը՝ ներսում: Հայկս զուսպ էր: Հայկս իր բակի բոլոր կատուների կերակրողն էր: Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը:
Հայկս, դու գնացիր ու սրտիս մի մասը հավերժ դատարկվեց: Քույրս ասում է, թող որդիս վերջին զոհը լինի ու հաղթանակենք այս պատերազմում: Հաղթել ենք, անկասկած հաղթել: Հավերժ փառք ու պատիվ մեր զինվորներին: Կոտրվել չկա, մենք պիտի ապրենք խաղաղ երկնքի տակ:
Հայկիս հիշատակը հարգելու համար խնդրւմ եմ հանգանակում անել հայկական հիմնադրամին։
Դուք լինեք բամբակ, մենք լինենք կրակ,
Դուք լինեք գառ, մենք լինենք գայլ:
Հացն ու Գինին, Տէր կենդանին: